
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը: Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, մեջբերել է հանձնաժողովի հայտարարության որոշ հատվածներ: Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է. «…Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդեց, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որոր բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը, և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իհարկե, իմպերատիվ չէ, սակայն ստեղծում է իրավա-քաղաքական կարևոր համատեքստ, որը չի կարող շրջանցվել Հայաստանի իշխանությունների կողմից:
Դժվարանում ենք պնդել, թե ինչու է ձևավորվել Վենետիկի հանձնաժողովի նման բացասական կարծիքը, սակայն ենթադրում ենք, որ միջազգային հեղինակավոր կառույցը չի խրախուսում դատական ռեֆորմի անցկացումը կոնկրետ քրեական գործի հիմքով: Առավել ևս, չի կարող խրախուսվել դատարանների մուտքերի արգելափակման նախաձեռնությունը, որը մի կողմից ապալեգիտիմացրեց դատական ռեֆորմը, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործը տարավ իրավական փակուղի:
Տվյալ իրավիճակում իշխանությունները պետք է մշակեն դատական ռեֆորմի այլընտրանքային կոնցեպցիա, կամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի փոփոխությանը հասնեն քաղաքական և հանրային ընդարձակ կոնսոլիդացիայի ճանապարհով, ինչը կարող է լեգիտիմացնել քաղաքական միջամտությունը դատական համակարգում:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, ճանաչել է գործող ՍԴ-ի լեգիտիմությունը, ինչի հետևանքով Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Վահե Գրիգորյանի ծրագրից, կամ էլ ՍԴ բարեփոխմանը հասնեն սահմանադրական նոր կարգավորումների հետևանքով:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, իհարկե, կարող է խանդավառել հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցներին, սակայն տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի թիմի իմպուլսիվ դիրքորոշումների հետևանք է: Թե ինչպիսի հետևությունների կհանգի Փաշինյանի իշխանությունը՝ ցույց կտա ժամանակը: