Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացան դրամական պարգևների:
Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ոստիկանության պետը նկատել է, որ աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգևատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ և առարկայական գնահատել լավագույն ծառայողներին:
Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաև կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծել է. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլև մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում:
Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: