Դատաբժշկական փորձագետ Լևան Չաչուան, որն աշխատում էր Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործի վրա, ձերբակալվել է ծառայողական անփութության համար: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի դատախազությանը:
Լևան Չաչուան, որը ղեկավարում է Ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժինը, անտարբերություն և անփութություն է ցուցաբերել նախկին վարչապետ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի դիակների փորձաքննության ժամանակ, որոնք մահացած են հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին:
Դատախազության տվյալներով՝ փորձագետը ոչ հստակ կերպով է նկարագրել դիակների վրա առկա վնասվածքները, որոնք նրանք ստացել են կենդանության օրոք:
«Հաշվի առնելով այն, որ փորձաքննությունն անկատար է, իրավապահ մարմինները կանգնել են դիակները արտաշիրմելու անհրաժեշտության առաջ՝ գործի իսկական հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Չաչուային սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ հետաքննության պաշտոնական տարբերակի համաձայն՝ Ժվանիան մահացել է գազից թունավորման հետևանքով:











































