Զարգացած երկրներում ապաստան ստանալու հայցերի թիվը 2013-ին աճել է 28 տոկոսով: Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Անցած տարի դիտարկվող 44 երկրներում ստացվել է 612.7 հազար հայց: Ցուցանիշն ամենաբարձրն է 2001 թվականից ի վեր և երկրորդ ամենախոշորը՝ վերջին 20 տարում:
Սիրիայի քաղաքացիները ամենամեծ խումբն են կազմում զարգացած երկրներում հաստատվել ցանկացողների շարքում (56.4 հազար): Ցուցանիշը կրկնակի գերազանցում է նրանց կողմից 2012-ին ներկայացված հայցերը և 6 անգամ գերազանցում՝ 2011-ի ցուցանիշը: Սիրիացիների համար ամենահայտնի ուղղություններն են Շվեդիան (16.3 հազար հայց), Գերմանիան (11.9 հազար), Բուլղարիան (4.4 հազար) և Նիդերլանդները (2.7 հազար):
Երկրորդ տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են, ովքեր անցած տարի 44 երկրներում հաստատվելու 39.8 հազար հայց են ներկայացրել: Ցուցանիշը 76 տոկոսով ավելի է 2012-ից: Նրանք հիմնականում ցանկացել են հաստատվել Գերմանիայում և Լեհաստանում:
Առաջին եռյակը եզրափակում է Աֆղանստանը, որի քաղաքացիները վերջին երկու տարիներին գլխավորել են ցուցակը: 2013-ին նրանցից ստացվել է 2012-ի համեմատ 19 տոկոսով քիչ հայց՝ 38.7 հազար: Առաջին տասնյակում են Իրաքը, Սերբիան, Պակիստանը, Իրանը, Սոմալին, Էրիթրեան և Չինաստանը:
Անցած տարի ներկայացված հայցերից 79 տոկոսը (484.6 հազարը) բաժին է ընկնում 38 եվրոպական երկրների:
Գերմանիան արդեն 9 տարի է՝ համարվում է փախստականների համար ամենագրավիչ երկիրը: 2013-ին այդ երկիր փաստաթղթեր են ներկայացրել 109.6 հազար փախստականներ, այսինքն՝ ընդհանուր թվի 17.8 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (88.4 հազար), հաջորդում են Ֆրանսիան (60.1 հազար), Շվեդիան (.54.3 հազար) և Թուրքիան (44.8 հազար):








































