Լուրեր
Խիստ կասկածելի է, որ Արմեն Սարգսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանը

Ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Ըստ այդ հարցումների արդյունքների` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, Հանրապետական կուսակցությանը` 5 տոկոս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը՝ 61 տոկոս:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է ՀՀԿ-ն այդպիսի աջակցություն ունենալ, երբ ընդամենը մեկ տարի առաջ ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլ նաև Սփյուռքը մերժեց այս ուժին, նշեց. «5 տոկոսն օրինաչափ է, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն 4,9 տոկոս ձայն էր հավաքել, և նորմալ է, որ այն մարդիկ, ովքեր մաս էին կազմում այդ կուսակցության կամ օգտվում էին բարիքներից, կուսակցության մանկլավիկների խմբեր էին, հիմա կարող են մնալ ՀՀԿ-ի հետևորդ: Բայց հակադարձ հարց ունեմ՝ ո՞վ է պատվիրել այդ հարցումները, դա շատ կարևոր հանգամանք է:
Ինձ համար խիստ կասկածելի է, որ Արմեն Սարգսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանը»:

Պատմաբանի խոսքով՝ բնական է, որ իշխող թիմի վարկանիշը պետք է որոշ չափով ընկներ: «Կան մարդիկ, որոնք դուրս են եկել փողոց և ունեն արագ լուծումների ակնկալիքներ, մի կողմից օրինաչափ չէ այդքան արագ լուծումներ ակնկալելը, մյուս կողմից՝ կա դանդաղկոտություն պետական համակարգի կողմից, և վարկանիշի անկումն օրինաչափ է:

Փաշինյանի թիմն իր հետևից չի հասցնում, նա ամենուր է, իսկ թիմի մեծ մասը չկա, կամ կա, բայց վախվորած է, չի մտնում պատասխանատվության տակ, իր վրա բեռ չի վերցնում…

Կան օրենքներ, որ փորձանք են դարձել մեր գլխին և կասցնում են մեր կյանքի ռիթմը: Հեղափոխական թիմը իրավունք չունի բյուրոկրատ լինելու, ես չեմ ասում գործեն հակաիրավական դաշտում, բայց չպետք է մանրուքների հետևից ընկնեն… Խնդիրները պետք է լուծեն, ոչ թե խմբային չատերում «գյալաջի» անեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *