Հուլիսի 2-4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Լեհաստան այց էին կատարել: Նրանք այսօր ասուլիս էին հրավիրել՝ խոսելու այդ այցի մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ Think-tank-ում՝ արեւելյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած իրենց հանդիպումը նույնպես հիասթափեցնող է եղել. «Փորձագետները, որոնք մեզ հետ հանդիպում էին, մատնանշում էին փաստեր, որոնք եւս վկայում են ոչ պատշաճ աշխատանքի մասին ՀՀ իշխանությունների կամ փորձագիտական մարմինների հետ: Տպավորություն կար, որ նրանց հետ շատ հետեւողականորեն աշխատում են Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ շրջանակներ, եւ նրանք տպավորություն ունեն, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռեւս վերադառնալու հնարավորություն ունեն եւ Հայաստանում ամեն ինչ սպասման ռեժիմի մեջ է, մինչեւ նրանք կվերադառնան, եւ կայունություն կհաստատվի ՀՀ-ում: Մենք, իհարկե, ցրեցինք այդ տպավորությունը՝ հասկանալով, թե որտեղից են գալիս այդ հոսանքները: Այստեղ եւս մենք աշխատանք ունենք կատարելու, եւ ԱԺ-ն պիտի իր ուշադրության կենտրոնում պահի նաեւ փորձագետների հետ աշխատանքը: Նրանց ուսումնասիրությունները այդ երկրի արտաքին քաղաքականության համար ծառայում են որպես շատ կարեւոր աղբյուր եւ փաստաթուղթ»: