ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկին, որ ընտրությունների ավարտից հետո պետք է տեսանելի վայրում փակցնեն ընտրողների ստորագրած ընտրացուցակները, որպեսզի բացառվեն բացակա անձանց փոխարեն քվեարկությունը, կարծիք հայտնեց, թե այդ դեպքում որոշ խնդիրներ կլինեն: «Ես հասկանում եմ, որ այդ ընտրացուցակները փակցնելով՝ կբացառվեն մի շարք երևույթներ ևս: Սակայն այստեղ կարող է գաղտնիության սկզբունքը խախտվել, երբ քաղաքացին, որ զզվում է և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից, կամ այլ սկզբունքներից ելնելով՝ չի ուզում մասնակցել ընտրություններին: Եվ նա չի ուզում, որպեսզի ուրիշներն իմանան, որ ինքը չի գնացել ընտրության: Ինքը կարող է մարդկանց խաբել, ասել, որ գնացել է, բայց չգնա: Դրա համար պետք է գտնել ոսկե միջինը»,- նշեց Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, իշխանությունները պատրաստ են քննարկել ընդդիմության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ: