«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով օրերս ոստիկանություն բերման ենթարկած աղջիկներին, նշեց, որ մեր երկրում կրոնական, մտքի, խղճի ազատությունների առումով նախկինում միշտ էլ խնդիրներ եղել են, բայց վերջին երկու տարվա ընթացքում, երբ վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, այդ պրոբլեմները արդեն ստացան համակարգային բնույթ: Նրա խոսքերով` կառավարությունն արդեն կոնկրետ պետական քաղաքականություն է իրականացնում Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների դեմ: «Մենք պետք է հասկանանք, որ երբ ոստիկանները 15-16 տարեկան աղջիկների մազերից են քաշում, տանում ոստիկանություն, նշանակում է`նրանք ունեն համապատասխան հրահանգ»,-ասաց Ստեփան Դանիելյանը` ավելացնելով, որ դրա պատասխանատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա խոսքերով, սկզբում ասում էին` պետք է հալածել Եհովայի վկաներին, մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, հիմա հերթը երեխաներին է հասել, էմոներին է: Դրա նպատակը մեկն է. շեղել հասարակության ուշադրությունը կառավարության ձախողումներից: Նրանք վախենում են, որ հասարակությունը միավորվի և նրանց պատասխանատվության ենթարկի, դրա համար փորձում են բաժանել հասարակությանը միմյանց թշնամի հատվածների: