Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը այսօր անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը:
Հանդիպման ավարտին Վրաց Պատրիարքը Վեհափառ Հայրապետի և շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում՝ ներկայացնելով Եկեղեցին, այգին և թռչունները: Այնուհետև Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով ռուսերեն լեզվով:
Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ Եկեղեցուն հուզող խնդրիներին՝ ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջև կայացած պայմանավորվածություններից Վրաց Պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ հետ քայլ է կատարել: Նաև զրույցում Նորին Սրբությունն անդրադառնում է Վրաց Պատրիարքարանում եղած շրջայցին:
Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու Կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը:
Ինչպես կոմունիկեի նախագծի հրապարակումը, սա ևս հերթական սադրանքն ենք նկատում վրացական կողմի, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում: