Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակայնորեն վիրավորելու համար «Ռուսթավի-2»-ի լրագրող Գեորգի Գաբունիային ոչինչ չի սպառնում, նա կարող է տուգանք վճարել կամ հրապարակավ ներողություն խնդրել միայն այն դեպքում, եթե «տուժող կողմը» դատարան է դիմում՝ բարոյական վնասի փոխհատուցման համար: Այս մասին Sputnik-ին ասել է իրավապաշտպան Գելա Նիկոլաիշվիլին:
«Եթե կա հայհոյանք, ապա կոնկրետ մարդը, ով համարում է, որ վիրավորանք է ստացել, կարող է պահանջել վարչական պատիժ, բարոյական վնասի հատուցում կամ ներողություն, սակայն, իհարկե, Պուտինը դրա համար դատարան չի դիմի: Հետևաբար, եթե բողոք չլինի, ապա գործն էլ գոյություն չի ունենա», – ասել է Նիկոլաիշվիլին:
Փաստաբանը նշել է, որ ըստ Վրաստանի օրենսդրության՝ Գաբունիան որևէ պատիժ չի կարող կրել եթերով հայհոյանք հնչեցնելու համար:
«Քրեական օրենսգիրքը չի նախատեսում, որ հայտարարության համար, հատկապես լրագրողի կողմից արված, կարող են նրան մեղադրանք առաջադրել, ամենայն հավանականությամբ, այստեղ հեռուստաընկերությունը ներքին պատասխանատվության կկանչի կամ ներքին հետաքննություն կանցկացնի», – ասել է իրավապաշտպանը: