Հուլիսի 7-ին Բրազիլիայի Նախագահական պալատի Մարդու իրավունքների քարտուղարության, երկրի արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի կողմից իրականացված Լատինաամերիկյան արդարադատության բարեփոխումների վերաբերյալ միջազգային կոնֆերանսում Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիո Պատրիոտայի հետ:
Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հարցեր, հաստատվել է քաղաքական պարբերական խորհրդակցությունների իրականացման ծրագիրը: Անտոնիո Պատրիոտան ընդգծել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի՝ այս տարվա հունիսին կայացած ընտրություններում Բրազիլիայի թեկնածու Ժոզե Գ. Դա Սիլվային ՀՀ պատվիրակության ցուցաբերած կարևոր աջակցությունը և խնդրել ՀՀ ղեկավարությանն ու ԱԳՆ-ին փոխանցել իր շնորհակալական ջերմ զգացմունքները:
Արտգործնախարարը գոհունակություն է հայտնել վերջին ժամանակահատվածում հաստատված հայ-բրազիլական բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: