Թուրքիայի հետ Ռուսաստանի S-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքն ընթանում է ըստ պլանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես Կրեմլից կարող եմ հաստատել, որ S-400-ի գործարքն իրականացվում է ըստ ծրագրի»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ թուրքական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա:
Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը: