Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Մոսկվան ու Բաքուն փորձում են վերբեռնել «Լավրովի ծրագիրը». ինչո՞ւ Մամեդյարովը հիշեց «խաղաղապահների» մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կազմակերպվող գրեթե յուրաքանչյուր հանդիպման նախօրեին և դրանից հետո դոզավորված, ընդ որում՝ խիստ կասկածելի տեղեկատվական արտահոսք իրականացնելը, կարծես, վաղուց սովորություն է դարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի մոտ։ Վաշինգտոնում կայացած հերթական հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, թե իբր համանախագահներն իրենց առաջարկել են քննարկել «զորքերի դուրսբերման» և «խաղաղապահների տեղակայման» հարցերը։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը Վաշինգտոնում չեն քննարկվել։

Տեղեկատվական մանիպուլյացիաների մեծ վարպետը

Այս պատկերին մենք ականատես ենք եղել հատկապես վերջին երեք ամիսներին։ Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպված առաջին պաշտոնական գագաթնաժողովից շատ չանցած, երբ հայտնի դարձավ, որ մոտ օրերին բանակցություններ են տեղի ունենալու նաև երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ու Հայաստանի արտգործնախարարությունն էլ, չհերքելով լուրը, այնուամենայնիվ, զերծ մնաց ավելի կոնկրետ մանրամասներ հրապարակելուց՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից մեկի մայրաքաղաքում, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, օգտվելով իր հայաստանցի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի արտագնա գործուղումից, հայտարարեց, թե հանդիպումը կայանալու է Մոսկվայում։ Տեղեկությունը, իհարկե, ճիշտ էր. ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր։ Բայց հարցն այն է, որ ըստ դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկայի՝ նմանատիպ հանդիպումների մասին սովորաբար հայտարարվում է համաձայնեցված կարգով, ոչ թե միակողմանիորեն։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն էր Մամեդյարովի հրապարակային գործունեության մեջ։

Մոսկվայի հանդիպումից հետո նույն Մամեդյարովը, որը 2016 թ. Ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ գոհունակությամբ խոսում էր այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» առկայության մասին, ասում էր, թե պարոն Լավրովը առաջարկներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, կրկին միակողմանի կարգով որոշ տեղեկատվական արտահոսք իրականացրեց՝ ադրբեջանցի լրագրողներին ասելով, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թվականին Ռուսաստանի արած առաջարկությունները։ Բայց պաշտոնական Երևանը հերքեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ, նախ, Մամեդյարովը, ըստ էության, խախտել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ անելով հայտարարություններ, որոնք դուրս են համաձայնեցված ձևակերպումներից և հակասում են դրանց, և երկրորդը, «դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»։

Հետո տեղեկատվական մանիպուլյացիաների մեծ վարպետ Մամեդյարովը[1] հայտարարեց, թե հիմա էլ Միացյալ Նահանգներից են իրեն և իր հայաստանցի գործընկերոջը հրավիրել հանդիպման Վաշինգտոնում, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերը կգործադրի Ղարաբաղյան հակամարտության գործում «ճեղքում» ապահովելու համար։ Պետքարտուղար Պոմպեոյի «անձնական ջանքերի» հանգամանքին կանդրադառնանք ներքևում։ Ամեն դեպքում նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը կրկին չհերքեց ԱՄՆ-ի մայրաքաղաքում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը ու կրկին կոչ արեց ադրբեջանական կողմին չխախտել դիվանագիտական էթիկայի նորմերը։ Բայց ամենահետաքրքիրը սպասվում էր Վաշինգտոնի բանակցություններից հետո։ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Ադրբեջանի արտգործնախարարը, ադրբեջանական լրատվական կայքերի հաղորդմամբ, ասել է, թե Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել կողմերին քննարկման համար։ Մասնավորապես՝ առաջարկել են «զորքերի դուրսբերում» և «խաղաղապահների տեղակայում»։ Մամեդյարովի խոսքերով՝ սրանք հին ու նոր առաջարկներ են, որոնք իրենք քննարկում են վերջին 15 տարիների ընթացքում։

Ադրբեջանի մոտեցումն ապակառուցողական է

Հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը համապատասխան մեկնաբանությամբ հերքել է Մամեդյարովի այս խոսքերը՝ ասելով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ՝ դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,- նշել է Նաղդալյանը։

Բաքվի նախապայմանը

Եթե փորձենք, այսպես ասած, բացել Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը, ապա պարզ է, որ ասելով «զորքերի դուրսբերում»՝ նա նկատի ուներ հայկական զինված ուժերի դուրսբերումը նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) սահմաններից դուրս գտնվող շրջանների մասին, որոնք այժմ հայկական զինուժի վերահսկողության տակ են։ Ու նման հայտարարությունը, իհարկե, նորություն չէ։ Սա Բաքվի հայտնի դիրքորոշումն է։ Ադրբեջանական կողմը, որպես նախապայման, հայտարարում է, թե Հայաստանը պիտի դուրս բերի իր զորքերը «գրավյալ շրջաններից», որից հետո պիտի սկսվեն «սուբստանտիվ բանակցություններ»։ Հայկական կողմն էլ, բնականաբար, միշտ մերժել է վերջնագրերի տեսքով ներկայացվող նմանատիպ առաջարկները։

Այս համատեքստում առավել ուշագրավ է Մամեդյարովի հայտարարության երկրորդ մասը՝ հավանաբար նշված շրջաններում կամ ընդհանրապես հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ենթադրյալ առաջարկի մասին։

https://www.1in.am/assets/uploads/2019/05/00-984.jpg

Խաղաղապահների տեղակայումը իրատեսական չէ

Մամեդյարովի հայտարարությունը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանեց ամերիկյան Սթրաթֆոր (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին՝ ասելով, որ հայկական զորքերը խաղաղապահ ուժերով փոխարինելը այսօր իրատեսական չէ, լինեն դրանք ռուսական զորքեր, թե միջազգային խաղաղապահներ։ Չաուսովսկու կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է այն դեպքում, եթե ռազմական լուրջ էսկալացիա լինի, կամ էլ հակամարտող կողմերից մեկը անսպասելիորեն թուլանա։

«Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը հավանաբար կպահպանի այն իրավիճակը, որը տեսել ենք վերջին մի քանի տարիներին՝ սկսած 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից»,- նշեց Սթրաթֆորի վերլուծաբանը։

Միացյալ Նահանգների հետաքրքրությունները

Ինչ վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման բովանդակությանը, ապա ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամփոփիչ հայտարարության՝ վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները, ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ հորդորել էին կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը վերականգնելու նպատակով, ու նաև կոչ էին արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստագույնս պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից շփման գծում։

Եվգենի Չաուսովսկու գնահատմամբ՝ Վաշինգտոնի հանդիպումը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակաբար ընթացող դիվանագիտական պրոցեսի համատեքստում։

Մեր հարցին, թե Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելը պե՞տք է դիտենք որպես ամերիկյան ակտիվություն ղարաբաղյան գործընթացում, Սթրաթֆորի փորձագետը պատասխանեց, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահող, հետաքրքրված է, որպեսզի նախ և առաջ մեղմվի լարվածությունն ու ռազմական ակտիվությունը շփման գծի երկայնքով։ Հետևաբար, նմանատիպ հանդիպումները կշարունակվեն նաև գալիք ամիսներին։

«Ճեղքման» հասնելը հավանական չէ

Ինչպես նշել էինք վերևում՝ կանխատեսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձնական ջանքեր է գործադրելու՝ ղարաբաղյան բանակցությունների գործընթացում «ճեղքման» հասնելու ակնկալիքով, սակայն պաշտոնական հաղորդագրություններից պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Պոմպեոյի հետ հանդիպում չեն ունեցել՝ ո՛չ միասին, ո՛չ էլ առանձին։ Համենայնդեպս, դրա մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։ Փոխարենը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր հերթին, Մամեդյարովը՝ իր, հանդիպել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալներ Ջոն Սալիվանի և Դեյվիդ Հեյլի հետ։

Չաուսովսկին դժվարանում է գուշակել, թե կոնկրետ ի՞նչ են խոսել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց ամեն դեպքում համոզված է, որ նմանատիպ քննարկումներն իրենց բնույթով տակտիկական (մարտավարական) են, ոչ թե ստրատեգիական (մարտավարական), քանի որ իրատեսական չէ խոսել հակամարտության կարգավորման հարցում տեսանելի ապագայում առաջընթացի հասնելու հնարավորության մասին։

«Հակամարտության կարգավորման գործում որևէ «ճեղքման» հասնելը մոտ ապագայում հավանական չէ, քանի որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ռուսաստանը այսօրվա դրությամբ չունեն քաղաքական կամք հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու, ճեղքում ապահովելու համար։ Այս տեսանկյունից, քննարկումներն իրենց բնույթով մարտավարական են, ոչ թե ռազմավարական, իսկ նպատակը կառավարվող խնդիրների լուծմանը հասնելն է, ինչպիսին, օրինակ, գերիների փոխանակումն է, ոչ թե ընդհանրապես հակամարտությանը վերջ տալը»,- նշեց Սթրաթֆորի վերլուծաբանը։

ԼՂ կարգավորման փաթեթն ու փուլային հարցերը

Ընդհանրապես, ղարաբաղյան/արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հիմնական նախագծերը, սևագրերը, փաստաթղթերը, որոնք ավելի քան 20 տարի դրված են բանակցությունների սեղանին, բաղկացած են մի շարք հիմնական բաղադրիչներից կամ տարրերից։ Սովորաբար այս թեմայի շուրջ քննարկումների ժամանակ որպես հիմք է ընդունվում Մադրիդյան սկզբունքներ կոչվող նախագիծը, որում ամփոփված են հիմնախնդրի կարգավորման կամ, այլ կերպ ասած՝ հանգուցալուծման «հիմնական հասկացությունները»՝ 3 սկզբունքները և 6 տարրերը։ Երեք սկզբունքներ ասելով՝ նկատի ունենք Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք առանցքային սկզբունքները՝ ուժի և սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքն ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Իսկ տարրերի մեջ են մտնում նշված շրջանների «վերադարձի» հարցը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապագայում անցկացվելիք հանրաքվեն՝ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու նպատակով, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցքի հարցը, փախստականների վերադարձի հարցը և անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք, ինչպես համանախագահները հիշեցրեցին մարտի 9-ի իրենց հայտարարությամբ, ներառելու են խաղաղապահ գործողություն։ Այս սկզբունքներին և տարրերի մասին մոտ երկու տարի առաջ՝ մի առիթով բավական մանրամասն խոսել է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Որքանո՞վ է կարգավորման այս նախագիծը, առավել ևս նման մեկնաբանությամբ, ընդունելի Ստեփանակերտի և Երևանի համար՝ այլ հարց է։ Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց հայտարարում է Մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին, և մեծ է հավանականությունը, որ ապագայում նույնը կանի նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել է, որ համանախագահների կողմից վերաշարադրված սկզբունքներն ու տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել, մասնավորապես՝ Ադրբեջանը մեզ համար անընդունելի ձևով է դրանք մեկնաբանում։ Հետևաբար, կարգավորման հիմնական հասկացությունները պարզաբանման կարիք ունեն, և բանակցային գործընթացի հիմք, ըստ ՀՀ վարչապետի, պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները:

Ամեն դեպքում, անդրադառնալով այս կարևոր կետերին, խնդիրներին՝ պետք է հաշվի առնել շատ կարևոր ու սկզբունքային մի հանգամանք՝ հիմնախնդրի կարգավորումը պետք է համաձայնեցվի և իրականացվի է մեկ ընդհանուր փաթեթով։ Գործընթացը կարող է իրականացվել փուլային տարբերակով՝ քայլ առ քայլ, բայց ընդհանուր լուծումը պետք է դիտվի մեկ փաթեթի մեջ։ Այսինքն՝ չի կարելի վերցնել նշված տարրերից մեկը, օրինակ՝ տարածքների հարցը կամ փախստականների հարցը և ասել՝ եկեք քննարկենք այն կամ կյանքի կոչենք։ Եվ սրա մասին բազմիցս հայտարարել են թե՛ համանախագահները, թե՛ համանախագահող երկրների արտգործնախարարները կամ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչները և թե՛ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները։

Մամեդյարովի խայծը, «խաղաղապահներն» ու «Լավրովի ծրագիրը»

Այս իմաստով ակնհայտ է, որ համանախագահների անունից հրապարակայնորեն, այն էլ բավական աղճատված ձևով խոսելով կարգավորման մեկ-երկու տարրի մասին՝ պաշտոնական Բաքուն, ի դեմս արտգործնախարար Մամեդյարովի, կրկին փորձում է աղավաղել ընդհանուր պատկերը, համատեքստից կտրել իր համար առաջնահերթ այս կամ այն հարցը՝ մերժելով հիմնախնդրի համալիր ու համակողմանի հանգուցալուծման կարևորագույն սկզբունքը։ Մամեդյարովն, ըստ էության, հերթական տեղեկատվական խայծն է նետել հրապարակային դաշտ՝ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական ինչ-ինչ օգուտներ շահելու ակնկալիքով։

Կարելի է, իհարկե, տրամաբանական հստակ կապ տեսնել Մոսկվայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո Մամեդյարովի կողմից արված հայտարարությունների մասին։ Լավրովի կազմակերպած հանդիպումից հետո նա հայտարարեց, թե բանակցային սեղանին այսօր դրված են «2016 թ. ռուսական առաջարկները»։ Թե ի՞նչ առաջարկներ է արել ռուսական կողմը 2016 թվականին՝ պարզ չէ, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը չարչրկված «Լավրովի ծրագրի» մասին է, որի իրականացման «դինամիկ փուլը», ինչպես նշել ենք նախորդ վերլուծություններում[2], որոշ փորձագետների համոզմամբ՝ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ Ու թե ինչո՞ւ է Մամեդյարովը հիմա իր խոսքում շեշտում 2016 թվականը՝ դժվար չէ կռահել։ Ապրիլյան իրադարձությունների, ավելի ճիշտ՝ դրանց հետ կապված հայտնի դավադրության վարկածների[3] առնչությամբ կա մեկ այլ կարևոր հանգամանք։ Ըստ տարբեր վերլուծությունների, ենթադրությունների, տեղեկությունների, վերլուծաբանների կարծիքների՝ լավրովյան նախագծի առանցքային թիրախներից մեկը Լեռնային Ղարաբաղում «խաղաղապահ առաքելության» անվան տակ ռուսական զորքերի տեղակայումն է՝ ղարաբաղյան գետնի վրա ավելի գործուն լծակներ ունենալու և հակամարտության կողմերի, ընդհանուր իրավիճակի նկատմամբ Մոսկվայի ազդեցությունն ընդլայնելու նպատակով։ Եվ հիմա, երբ «Լավրովի առաջարկների» կողմնակից Մամեդյարովը, հղում անելով համանախագահներին, փորձում է քննարկման առարկա դարձնել Արցախից հայկական զորքերի դուրսբերման ու դրանք «խաղաղապահներով» փոխարինելու ենթադրյալ առաջարկը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ ուժերի ցանկությունը, հնարավոր պայմանավորվածությունը կամ ծրագիրը, դա, իհարկե, լուրջ հարցեր է առաջացնում։ Այս հարցերին կփորձենք անդրադառնալ հաջորդիվ։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Մեր պատասխանը Մամեդյարովին. ո՞վ է իրականում զբաղվում դեմագոգիայով»։

[2] Տե՛ս՝ «Լավրովը երկրորդ փորձն է անում Ապրիլյան պատերազմից հետո. ղարաբաղյան պրոցեսում հետաքրքիր բաներ են տեղի ունենում»։

[3] Տե՛ս «Ագենտների պայմանավորված պատերազմը». Ապրիլյան քառօրյան միջազգային դավադրությո՞ւն էր, թե՞ պետական դավաճանություն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում