Լուրեր
Արմեն Սարգսյանը այս հարցում պահպանում է մատրոսովյան լռություն․ նա պետք է խոսի

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումներին, նշեց. «Մեր դիրքրոշումն այս հարցում հստակ է. մենք պետք է տարանջատենք երկու խնդիր: Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալ իրավաբան, սահմանադրագետ լինելու խնդիրը, որը կապ չունի այս բավականին անառողջ և ռիսկային իրավիճակի հետ, որ ստեղծվել է երկրում ՍԴ-ի շուրջ. ինձ զարմացնում է սահմանադրագետների և իրավաբանների լռությունը: Սահմանադրագետներից և իրավաբաններից երկու կարծիք եմ լսում, նրանց մի մասն ասում է, որ Վահե Գրիգորյանի նամակն աբսուրդ է, զավեշտ է և միջազգային կառույցներն ուղղակի կջախջախեն, եթե այս գործընթացը շարունակվի, մյուս մասն ասում է, որ Սահմանադրության առումով «աստվածաշնչյան ճշմարտություններ» է ներկայացրել Վահե Գրիգորյանը… Եթե այս խնդիրը մնա քաղաքական դաշտում, այն իրավական լուծում չի ունենա, քաղաքական դաշտում լինելու է քաղաքական լուծում, որը պրեսինգային է լինելու: Քաղաքական դաշտում չեմ տեսնում ողջամիտ լուծման տարբերակ»:

Ն. Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունն ունի շտկելու դրույթներ: Նրա խոսքով՝ նախկինում «Սահմանադրությունը «կարված» էր նախկին նախագահների ռազմերով»: «Սահմանադրությունը պետք է «կարվի» բացառապես օրենքների «ռազմերով»: Ես տեսնում եմ, որ իշխանությունն ամեն գնով փորձում է այս պրոցեսը քաղաքականացնել: Ես վստահ եմ, որ Վահե Գրիգորյանը ՍԴ հրաշալի դատավոր է լինելու, պրոֆեսիոնալ է, անաչառ, բայց ինձ դուր չի գալիս իշխանության կողմից այս պրեսինգը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակով էր հանդիպել ՀՀ նախագահին, Ն. Զոհրաբյանը նշեց, որ մոտ մեկուկես ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է սեփական նախաձեռնությամբ՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. «Բավականին լուրջ հարց է քննարկվել, կարծում եմ՝ այդ հարցի լուծման ուղղությամբ մեր արդարադատության նորանշանակ նախարարը նույնպես անելիք ունի. Ռուսաստանում բազմաթիվ դատապարտյալներ ունենք, որոնց արտահանձնման հարցը պետք է լուծվի, բայց չգիտես ինչու, նույնիսկ այն դեպքերում, երբ ռուսական կողմը համաձայն է արտահանձնել, հայկական կողմից տորպեդահարվում է: Մի քանի դեպքեր կան. քանի որ հանձնաժողովը մերժում էր, ՀՀ նախագահն էլ ավտոմատ կերպով ստորագրում էր և մերժում այդ մարդկանց քաղաքացիություն տալը: Կոնկրետ մարդու անուն կնշեմ. Սուրեն Խաչատուրովը, որի դեմ քրեական գործ էր հարուցել ադրբեջանցի Թելման Իզմայիլովը, քանի որ Խաչատուրովը, լինելով Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնյա, բացահայտել էր Իզմայիլովների կլանի կոռուպցիոն սկանդալը, և հիմա Խաչատուրովը Հայաստանում է, 3 տարի շարունակ դիմում է քաղաքացիություն ստանալու, հանրապետության նախագահը մերժվում է: Սա աբսուրդ է: Ես հանդիպեցի նախագահին և խնդրեցի, որ այսպիսի դեպքերում ավտոմատ կերպով չստորագրի ներման հանձնաժողովի հիմնավորումները:

Հանրապետության նախագահի հետ քննարկել ենք նաև նախագահականում հետաքրքիր ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցը»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *