ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ ԿԺԴՀ-ի իշխանությունները «լիովին սառեցնեն» իրենց զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագիրը, և պատրաստ է որոշակի զիջումների գնալու հանուն դրա՝ այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որը լրագրողների հետ անցկացրել է զրույց «ոչ մամուլի համար» ձևաչափով:
Հատուկ ներկայացուցիչը, պորտալի կարծիքով՝ հասկանալ է տվել, որ «ցանկանում է Հյուսիսային Կորեայի հետ ավելի ճկուն լինել»՝ Վաշինգտոնի վարչակազմում ավելի կոշտ ուղեգծի կողմնակիցների համեմատությամբ: Բիգենի խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ չէ վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե նրա իշխանությունները սառեցնեն սպառազինությունների մշակման՝ իրենց ծրագիրը, բայց կարող է գնալ այնպիսի զիջումների, ինչպիսիք են մարդասիրական օգնության տրամադրումը և դիվանագիտական հարաբերությունների մակարդակի բարձրացումը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը երկու մայրաքաղաքներում: