Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստը:
Ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր, Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով՝ անվասայլակով. նա շնչում է թթվածնային սարքի օգնությամբ:
Նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Բաղդասարյանը թվեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Բաղդասարյանի խոսքով՝ բժիշկներն անձանագրել են, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկլինոլոգի եւ նրան պետք է շուրջօրյա թթվածին տրամադրվի։