Լուրեր
Քոչարյանը գուցե փորձի խելագար քայլերով վերադառնալ, բայց դա նրան չի հաջողվի
  • 21:48
  • 2019-07-01
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

– Սահմանադրական դատարանի շուրջ հեռակա բանավեճը շարունակվում է: Այդ բանավեճին, ինչպես գիտեք, նոր լիցք է հաղորդել ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակ-պարզաբանումը՝ ուղղված իշխանության բարձրագույն օղակներին: Այս պարագայում ճի՞շտ է «սահմանադրական ճգնաժամ» տերմինն օգտագործելը:

– Ինձ թվում է՝ ճիշտ է «սահմանադրական ճգնաժամ» տերմինն օգտագործելը, որովհետև, փաստորեն, Սահմանադրությունը տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր շահառուների կողմից, և Սահմանադրությունը հստակ ձևով այս ճգնաժամը լուծելու ճանապարհ ցույց չի տալիս:

– Այդ ճգնաժամին բերել են քաղաքակա՞ն գործընթացները, թե՞ մի օր բախվելու էինք այս խնդրին:

– Եթե սամանադրություններն ունենում են նման թերություններ՝ դրույթներ, որոնք ենթակա են տարատեսակ մեկնաբանությունների, և հստակ չէ դրանց կիրառումը, ապա վաղ թե ուշ դրանք բերում են ճգնաժամի, ինչ-որ խնդիրների: Քաղաքական իրադրությունը կարող է հանգեցնել ճգնաժամի… Հստակ է, որ կողմերը խիստ տարբեր՝ միմյանց բացառող մեկնաբանություններ ունեն սահմանադրական դրույթների վերաբերյալ՝ ՍԴ անդամի և ՍԴ դատավորի գործառույթների, նրանց իրավունքների, և դա բավականին նման է ճգնաժամի:

– Եվ դա ավելի է բարդացնում հանգուցալուծումը:

– Իհարկե, բարդացնում է, ես չգիտեմ՝ ինչպես է հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, այն ՍԴ-ի կամ գոյություն ունեցող օրենքների շրջանակում հանգուցալուծելը դժվար է, և Վահե Գրիգորյանի նամակում այդ մասին նշված է, և նա այդ ճգնաժամը լուծելու մի քանի ճանապարհ է մատնանշել, որոնք քաղաքական են: Ես հույս ունեմ, որ բոլոր կողմերը ողջամիտ կլինեն և ողջամիտ լուծում կգտնեն այս ճգնաժամից դուրս գալու համար:

– Իսկ եթե ողջամիտ չգտնվեն:

– Ես իրավաբան չեմ, բայց հստակ է, որ նման իրադրություններում նոր Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, և արդեն օրենսդիր իշխանությունը պետք է միջամտի և սահմանադրական նոր փոփոխությունների փաթեթ պետք է առաջարկի:

– Այսինքն՝ դա ենթադրում է քաղաքացու մասնակցություն, հանրաքվե…

– Իհարկե, քաղաքական լուծման ճանապարհները դրանք են, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում:

– Այս իրավիճակը կարելի՞ է համարել իշխանության բացթողումը:

– Այս հարցում իշխանությանը մեղադրելը արդարացի չէ: Հաճախ դրույթների, օրենքների թերություններն ակնհայտ չեն լինում քանի դեռ դրանց կիրառման անհրաժեշտություն չի լինում, մինչև որ այնպիսի քաղաքական իրադրություն չի առաջանում և այդ դրույթները այժմեական չեն դառնում… Այլ հարց է, որ դատական համակարգում բարեփոխումները գուցե ավելի շուտ կարելի էր իրականացնել…

– Երկրորդ նախագահը քաղաքական գործոն դառնալու ի՞նչ շանսեր ունի:

– Ես չեմ կարծում, որ երկրորդ նախագահը քաղաքական գործոն դառնալու մեծ շանսեր ունի: Նա հույսը դրել է իր ռեսուրսների, նախկին ռեժիմի աջակից որոշ հատվածի կոնսոլիդացիայի վրա: Ես չգիտեմ՝ անձամբ Քոչարյանը ինչքանով է դրան մասնակից, բայց բավական ակնհայտ է, որ նրա աջակիցները հույսեր են կապում արտաքին միջամտության հետ… Դրանք այնքան էլ իրատեսական հույսեր չեն: Շանսերը, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին ռեժիմի որևէ պարագլուխ կարող է լուրջ ընտրական, օրինական ճանապարհով վերադարձի հայտ ներկայացնել և որ կարող է շահել ժողովրդի համակրանքը, բացառում եմ:

Եթե նրանք դիմեն խելագար քայլերի, ասենք, գաղտնիք չէ, որ Ղարաբաղի վերնախավը նույնպես նախկին ռեժիմի պարագլուխների կողմից դիտարկվում է որպես որոշակի գործիք՝ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու, և ինչպես Հայաստանի դատաիրավական համակարգը, այնպես էլ Արցախի վերնախավի վարքագիծը դա է հուշում, գուցե նման վիճակով Հայաստանում վիճակը ապակայունացնելու կամ նման ճանապարհով իշխանության վերադառնալու հույսեր ունեն այդ մարդիկ, բայց նախ՝ դա շատ վտանգավոր է, և երկրորդ՝ հստակ է, թե Հայաստանում ինչ վերաբերմունք ունեն այդ ռեժիմի նկատմամբ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշակի հիասթափություններ ունեն և քննադատության են ենթարկում ներկայիս իշխանությանը, այդ թվում՝ նաև ես, կրծքով կպաշտպանենք այս իշխանությանը, եթե խոսքը վերաբերի նման անօրինական ճանապարհով նախկինների վերադարձին: Նախկինների վերադարձը օրինական, ժողովրդի համակրանքը շահելու ճանապարհով, չեմ կարծում, թե իրատեսական է:

– Սահմանադրական դատարանում, եթե հաշվի առնենք այս հեղհեղուկ վիճակը, դեռ պահպանվո՞ւմ է Մարտի 1-ի գործը կասեցնելու հնարավորությունը:

– Չեմ ուզում նեղ մասնագիտական քննարկումների մեջ մտնել, բայց եթե նույնիսկ իրավական մեխանիզմ կա նման բան անելու, և ՍԴ-ն ներկա կազմով որոշի Մարտի 1-ի գործը կասեցնել, դա ճգնաժամն ընդամենը խորացնելու է, դրանով հարցը չի թաղվելու, ավարտուն տեսքի չի բերվելու: Չեմ կարծում, որ նման որոշումն արժանահավատություն կունենա: ՍԴ նման որոշումը կարող է սահմանադրական ճգնաժամի նոր էսկալացիայի հանգեցնել:

– Այդ դեպքում զուտ քաղաքական իմաստով այս դիմադրությունն անհասկանալի է դառնում՝ հանուն ինչի՞:

– Երբեմն մարդիկ նույնիսկ այն դեպքում են դիմադրում, երբ շանսերը փոքր են: Միշտ կարող են հույս ունենալ, որ իրադրություն կարող է փոխվել, ֆորսմաժորային իրավիճակ կարող է առաջանալ, և պետք չէ շտապել հանձնվել, դա նորմալ է նման ինստիտուտների համար, բայց կարծում եմ, որ ՍԴ անդամները պետք է գիտակցեն, որ Հայաստանում տեղի ունեցածն անդառնալի է, իրենց դիրքերի պաշտպանության զուտ ֆորմալիստական մոտեցումից պիտի հրաժարվեն, պետք է հասկանան, թե երկրում ինչ է տեղի ունեցել: Պնդելը, թե իրենք Սահմանադրության դրույթների հիման վրա կարող են իրենց գործունեությունը շարունակել և առավել ևս Մարտի 1-ի գործը կոծկել, շատ անհեռանկար քայլ կլինի նրանց կողմից…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *