Հայաստանի հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Խաղերի փակմանը ներկա էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ երկրների ղեկավարներ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությամբ մարվեց խաղերի խորհրդանիշ կրակը:
Եվրոպական խաղերի փակման արարողությունը նույնպես կայացավ «Դինամո» մարզադաշտում: Փակմանը մարզադաշտից հետևեցին մոտ 22 հազար հանդիսական: Կազմակերպիչները խաղերի եզրափակիչ մասում հիմնականում տեսանյութերի միջոցով ներկայացրեցին մարզիկների անզիջում, գեղեցիկ, հուզիչ, արդար պայքար-մրցակցությունը` առանձնակի ընդգծելով խաղերի կայացման գործում կամավորների գործոնը:
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեց նաև Բելառուսի հիմնը, մարզադաշտ դուրս բերվեցին մասնակից երկրների դրոշները, ի դեպ, Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր:
Ներկաների ողջույն և հրաժեշտի խոսքով դիմեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և առանձնացրեց, որ Բելառուսը կարողացավ լավ անցկացնել խաղերը միայն միասնականության շնորհիվ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեժ Կոչիյանչիչը իր փակման խոսքում շեշտեց, որ այս խաղերը դարձան իսկական սպորտային տոն: