Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգշաբթի հրաժարվել է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում է հունիսի 20-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ:
Մելիան ազատ է արձակվել 30 հազար լարի (5 մլն դրամ) գրավի դիմաց: Այս գործի հաջորդ լսումը տեղի կունենա օգոստոսի 16-ին:
Դատարանի որոշումը ծափողջյուններով են ընդունել դատարանի դահլիճում գտնվող Մելիայի տասնյակ կողմնակիցները:
Նախօրեին խորհրդարանը Մելիան ժամանակավորապես զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազությունը կարողանա քրեական հետապնդում սկսել նրա դեմ:
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորը մեղադրվում է հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ, երբ մեծ թվով ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանության կազմած պատը և ներխուժել խորհրդարանի շենք: