Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի հնագույն անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը հունիսի 25-ին ներկայացրել է լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու երկրի հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Աղբյուրի համաձայն՝ այս նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտա մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայի համար։
«Այս լրացումն ազդանշան է Ադրբեջանին, որ նա չի կարող այսուհետ ևս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարևաններին»,- ասել է Շերմանը։
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ է քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած սպառնալիքին։
2011 թ.-ի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ թույլ չի տվել թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, և նշել է, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղևորվող ինքնաթիռները»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի կոմիտեն, ինչպես սպասվում է, Անկախության օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկի հարցը, թե արդյոք լրացումը հավանության կարժանանա։