ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ճապոնիայի հետ փոխադարձ համագործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 25-ին, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Գործակալության զրուցակիցը, որը ցանկանում էր անանուն մնալ, ասել է, որ Թրամփը վստահելի անձանց հետ զրույցում 1960թ․ կնքված այդ պայմանագիրը անարդար է համարել Միացյալ Նահանգների նկատմամբ: Մասնավորապես, այն նախատեսում է Միացյալ Նահանգների աջակցությունը Ճապոնիայի վրա զինված հարձակման դեպքում, սակայն չի պահանջում նմանատիպ գործողություններ Ճապոնիայից Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում:
Ըստ լրատվական գործակալության՝ Թրամփը դեռևս կոնկրետ քայլեր չի ձեռնարկել այս համաձայնագրից դուրս գալու համար: