Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին:
Այդ մասին հունիսի 25-ին Twitter-ում գրել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի գերագույն ղեկավար (այաթոլլա Ալի Խամենեիի), ինչպես նաեւ իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) դեմ անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին»,- նշել Է նա:
Մուսավին նաեւ ասել Է, որ «Թրամփի հուսալքված կառավարությունը ոչնչացնում Է միջազգային բոլոր մեխանիզմները, որոնք կոչված են պաշտպանել մոլորակի խաղաղությունն ու կայունությունը»: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր Է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում Է նախատեսում Իրանի դեմ: Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել Է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ: Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել Է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում Է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը։