Լուրեր
Ժամանակին կոչումները և մրցանակները արվեստագետներին հլու ու խոնարհ դարձնելու նպատակ ունեին

Քանդակագործ Աշոտ Հարությունյանի «Հիշողության անատոմիա» քանդակների շարքը նախագահի կողմից արժանացել է մրցանակի: Նախագահի մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության և մշակույթի բնագավառների խթանմանը և զարգացմանը:

«Ինձ մոտ առաջացած ստեղծագործական փուլերը որոշակի եզրեր ունեն իմ հիշողությունների հետ, այն ամենի հետ, ինչը ուղեկցում և խտացված նստվածքներով ձևավորում է մարդուն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Աշոտ Հարությունյանը: -Իմ նյութը մետաղի ջարդոնն է»:

«2017-ին Կարապի լճում բացօթյա ցուցահանդես արեցի, որը տևեց մեկուկես ամիս, ցուցադրված էին 9-10 տարվա աշխատանքեր: Այնտեղից առանձնացված վերջին 2 տարվա աշխատանքներն արժանացան նախագահի մրցանակին»,- նշեց քանդակագործը՝ հավելելով, որ մարդիկ հետաքրքրություն էին ցուցաբերում իր աշխատանքների նկատմամբ:

Նախկինում ունեինք արատավոր պրակտիկա, երբ բարձր պարգևների և մրցանակների արժանանում էին բացառապես մերձիշխանական արվեստագետները, և հենց դա էլ արժեզրկեց պարգևատրումների ինստիտուտը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա իսկապես նկատելի էր. «Ինքս էլ մի քանի անգամ անդամակցել եմ հանձնաժողովների, կողմ եմ եղել բարձրաձայն քննարկումների, բախումների, երկխոսությունների, որպեսզի արդյունքում մրցանակը ճիշտ անձի հանձնվի: Չափազանց արատավոր կերպով էին մրցանակները տրվում: Գուցե կային նաև վաստակ և արժանիք ունեցող մարդիկ, բայց այդ մրցանակները իրենցից բխող «օգտակար գործակից» ունեին, դրանք հեղինակին ավելի հլու և խոնարհ դարձնելու նպատակ ունեին»:

Քանդակագործի դիտարկմամբ՝ երկրում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այժմ կաշկանդվածությունը դուրս է եկել, և հանձնաժողովներում մարդիկ կարողանում են իրենց կամքը բարձրաձայնել և ճիշտ ուղղորդել:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *