Հունիսի 21-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը նշում է իր 37-ամյակը: Այդ օրը նա անցկացնում է ընտանիքի հետ: Քենսինգթոնյան պալատը, Քեմբրիջի դուքսի ծննդյան տոնի կապակցությամբ, հրապարակել է նրա նոր լուսանկարը, որն արվել է անցած տարի Տանզանիայի ազգային պարկ այցի ընթացքում:
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, որոնք հենց նախօրեին պաշտոնապես հայտարարել էին, որ դուրս են գալիս բարեգործական հիմնադրամից, որը վերահսկում էին Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ միասին, հարազատին շնորհավորել են Instagram-ում շատ չոր և պաշտոնական՝ առանց որևէ հուզիչ համատեղ լուսանկարի: «Շնորհավորում ենք Քեմբրիջի դուքսին ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել են նրանք մեկնաբանության մեջ: Սա երկրպագուներին առիթ է տալիս ենթադրելու, որ եղբայրների միջև թշնամանքը դեռ շարունակվում է:
Բայց հայտնի է դարձել, թե ինչ հուզիչ նվեր է պատրաստել Քեյթ Միդլթոնն ամուսնու համար: The Sun-ի տվյալներով, Քեյթն իր մեծահասակ երեխաների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի օգնությամբ ալբոմ է պատրաստել Ուիլյամի համար, որտեղ ներառվել են ընտանեկան լուսանկարներ, երեխաների ձեռքի աշխատանքները՝ նկարներ և կոլաժներ: Այսպիսով, Քեյթը ցանկացել է ամուսնուն հիշեցնել, թե ինչն է նրա կյանքում ամենակարևորը (մանավանդ, Քեյթի ընկերուհու՝ Ռոուզ Հանբերիի հետ նրա սիրավեպի մասին լուրերից հետո):