«Արդեն որոշված է՝ Պուտինն ընդունելու է Ղրիմը. դա արդեն տեղի է ունեցել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը՝ անդրադառնալով ուկրաինական զարգացումներին և Ղրիմում կայացած հանրաքվեին:
Նա նշեց, որ Արևմուտքն Ուկրաինայում իշխանության է բերել նեոնացիստական մի խունտայի, այսինքն՝ այսօր Ուկրաինայում անօրինական, ոչ լեգիտիմ իշխանություն է: Սա, ըստ Դուգինի, Արևմուտքն արել է, որպեսզի այդ խունտան, ուշադրություն չդարձնելով ընթացող ժողովրդավարական գործընթացների վրա, վերացնի Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որպեսզի սկսի ակտիվ ազգայնական աշխատանք հասարակության հետ, և որպեսզի Ուկրաինայում սկսի թևածել հակառուսական տրամադրություն:
«Մայդանի պատճառը Յանուկովիչի քայլն էր ռուսական կոմնորոշմամբ: Հենց սրանից էլ ամեն ինչ սկսվեց. որպեսզի թույլ չտան Ուկրաինայի մերձեցումը Ռուսաստանին, մտածվեց Մայդանը: Դա ամերիկյան պրոյեկտ էր, որն իրականում հանգեցրեց պետական հեղաշրջման:
Դրանից հետո ՌԴ-ն՝ Ղրիմի ռուս բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու և նեոնացիստական իշխանության գոյությունն Ուկրաինայում կանխելու համար, որոշում ընդունեց դիտարկել Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու հնարավորությունը:
Այս որոշումները Պուտինն ընդունել է ի պատասխան Կիևում ԱՄՆ գործողությունների: Ուստի Ռուսաստանը գործում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ռուսաստանը չի ազդել Մայդանի վրա, ճնշումներ չի բանեցրել Ուկրաինայի նկատմամբ, պահպանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Բայց միջազգային իրավունքում գոյություն ունի նաև ինքնորոշման իրավունք: Սա միջազգային իրավունքի նորմ է, որն Ամերիկան օգտագործում է ընտրողաբար՝ ծառայեցնելով իր սեփական շահերին: Օրինակ՝ երբ հարցը վերաբերում է Կոսովոյին, Ամերիկան ընդունում է այդ իրավունքը, իսկ երբ ձեռնտու չէ, ապա ԱՄՆ-ը չի ճանաչում այդ իրավունքը:
Սակայն քանի որ շատ երկրներ են կապված Ամերիկայի հետ, այդ թվում՝ օլիգարխները, որոնք տրամադրություն են ստեղծում երկրների քաղաքական զարգացումներում, ովքեր գումարներ են պահում արևմտյան երկրներում, հիմա ՌԴ-ին, ով մարտահրավեր է նետել ամերիկյան հեգեմոնիային, բոլոր կողմերից ճնշումների են ենթարկում, այդ թվում՝ այն երկրները, որոնք ՄՄ-ում են:
Միջազգային դաշտի բոլոր խաղացողների վրա Արևմուտքն աննախադեպ ճնշումներ է գործադրում»,- նշեց Դուգինը՝ հավելելով, որ Ռուսաստանը պայքարում է բազմաբևեռ աշխարհի համար, և այն խաղացողները, ովքեր ցանկանում են միաբևեռ աշխարհ, բոլոր միջոցները գործադրում են այդ աշխարհի համար:
Ինչ վերաբերում է ՄՄ անդամ երկրների դիրքորոշմանը, ապա, նրա խոսքով, մեծ հաշվով այդ երկրներն աջակցում են Ռուսաստանին, և դա բնական է: Այլ հարց է, որ նրանք ևս կապված են Արևմուտքին և ամբողջությամբ չեն կարող դեմ գնալ այդ ճնշումներին:
Անդրադառնալով Ղրիմում կայացած հանրաքվեին և ակնկալվող արդյունքներին՝ նա ասաց՝ Պուտինը հայտնել է, որ դա Ղրիմի ժողովրդի որոշումն է: Նրա խոսքով՝ Ղրիմի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, Ռուսաստանը կդիտարկի Ղրիմի միացման հնարավորությունը:
«Արդեն որոշված է՝ Պուտինն ընդունելու է Ղրիմը, այլ կերպ լինել չի կարող՝ դա արդեն տեղի է ունեցել: Հարց է, թե արդյոք ուկրաինական ԶՈՒ կողմից կլինե՞ն փորձեր՝ խոչընդոտելու այդ գործընթացը»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե Ղրիմի ՌԴ կազմ մտնելը կանաչ լույս չի՞ վառի արդյոք Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Դուգինը պատասխանեց, որ
ՆԱՏՕ-ին հնարավոր է անդամակցել միայն այն դեպքում, երբ երկիրը չունի տարածքային պահանջներ:
«Սա ՆԱՏՕ-ի օրենքն է, որովհետև ՆԱՏՕ-ն չի կարող իր կազմ ընդունել երկրի, որը գտնվում է պատերազմի մեջ. ՆԱՏՕ-ի սահմանադրությունը արգելում է դա:
Եթե Ղրիմը լինի ՌԴ կազմում, իսկ Ուկրաինան դա չընդունի, համապատասխանաբար այդ խոսակցությունը կփակվի, քանի որ Ուկրաինան չպետք է ունենար տարածքային որևէ վեճ»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:
Առաջարկում ենք հարցազրույցին առավել ծավալուն տեսքով ծանոթանալ ավելի ուշ:










































