Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում ընդունել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Քըրըմօղլուին, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել է Ղրիմում տիրող իրավիճակը: Քըրըմօղլուն վարչապետին տեղեկացրել է ինքնավար հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Էրդողանն իր անհանգստությունն է հայտնել աճող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիայի ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը, հակամարտությունը և Ղրիմի թաթարների կորուստները կանխելուն:
Վարչապետը նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական գործունեություն է վարում՝ ուղղված Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության պաշտպանությանը:










































