Գիտնականները մշակել են հեղափոխական տեխնոլոգիա, որը կկարողանա բազմաթիվ կյանքեր փրկել՝ կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները: Այդ տեխնոլոգիայի ստեղծման համար գիտնականներին ոգեշնչել է մորեխը՝ հայտնում է fedpost.ru-ն:
Այդ միջատները վաղ նախազգուշացնող համակարգ ունեն, որը մեծ արագությամբ միասին թռչելիս նրանց օգնում է խուսափել միմյանց բախվելուց:
Մորեխի «անվտանգության համակարգերի» հիմնական առանձնահատկություններն օգտագործվել են ռոբոտի ստեղծման ժամանակ, որպեսզի այն կարողանա տեղաշարժվել և փոխներգործել օբյեկտների հետ՝ օգտագործելով միայն տեսողական տեղեկությունը:
«Մորեխի ուղեղի հիման վրա մշակված ծրագիրը մեզ թույլ տվեց հասնել նրան, որ բջջային ռոբոտը, նկատելով մոտեցող օբյեկտները, խուսափում է դրանց հետ բախումից: Այս մեթոդը թույլ է տալիս խուսափել համակարգչային լուրջ մշակում պահանջող ռադարների կամ ինֆրակարմիր դետեկտորների օգտագործումից: Այս հետազոտությունը կօգնի մշակել ավտոմեքենայի այնպիսի համակարգ, որը լիովին կբացառի մարդկային սխալի գործոնը»,- ասում է բժիշկ Քլեր Ռինդը՝ Լինքոլնի համալսարանից:
Հետազոտությունը կատարվել է Համբուրգի և Չինաստանի համալսարանների հետ համատեղ:












































