Երևանի աղբահանությունը լավ իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքն օրական սպասարկի մոտ 70 մեքենա: Բայց այսօր սպասարկում է ընդամենը 17 մեքենա: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Այդ մեքենաներից 12-ը Սանիտեք ընկերությանն են, մնացած 5-ը՝ Երևանի քաղաքապետարանի գնած կամազներն են:
«Ինչպես տեսնում ենք, շատ վատ վիճակում է աղբահանության պրոցեսը: Մենք բավականաչափ լավացնելու ենք, որպեսզի բերենք լավագույնի: Հունիսի վերջից սկսած կգա նոր շարժակազմը՝ մոտ 1.5-2 ամսվա մեջ, և մաս առ մաս կկարողանանք աշխատանքները կազմակերպել: Եթե Սանիտեք ընկերությունը այս կամ այն կերպ կկարողանա նորմալացնել իր աշխատանքը, վերականագնել իր ուժերը, խնդիր չկա, թող սպասարկեն, մենք միայն ուրախ կլինենք»,- նշեց Մարությանը: