«Երևի թե բացթողումներից է բավականաչափ ներդրումների ներգրավման հարցը, որը անմիջական կապ ունի նաև դատական իշխանությունում տիրող իրավիճակի հետ, որովհետև ներդրումների ներգրավման ամենակարևոր գործոններից մեկը անկախ դատական համակարգն է: Ամենակարևոր հաջողություններից են ազատ ընտրությունները և ժողովրդի կամարտահայտության ապահովումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Լոզանի համալսարանի դոկտորանտ Արա Պապյանը՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի բացթողումներին և հաջողություններին:
Նրա կարծիքով՝ դատական համակարգում իրավիճակը իներցիայով շարունակվում է. «Այնտեղ տիրում են նախկին բարքերը, ինչը խիստ դատապարտելի է: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետք է ձեռնարկել գործողություններ այդ իրավիճակին լուծումներ տալու համար: Եթե իրենք թաքցնելու բան չունեն, վեթինգն իրենց չպետք է անհանգստացնի»:
Մեր զրուցակիցը թվարկեց ևս մի քանի գործոններ, որոնց պատճառով մեր երկրում բացակայում են ներդրումները. «Գործոններից մեկը նաև Հայաստանի տեսանելիությունն է միջազգային դաշտում՝ որպես նպաստավոր ներդրումային երկիր: Բացի այդ, պետք է ստեղծել ընկալելի ներդրումային միջավայր՝ օտարերկրյա ներդրողները պետք է պատկերացում ունենան, թե ներդրումներ անելիս ինչ արտոնությունների հնարավորություններ ունեն, այդ արտոնությունները ստանալու համար ում պետք է դիմեն, ինչքան ժամանակ է տևում»:
Արա Պապյանը կարևորեց նաև ներդրումների պաշտպանության հարցը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: