Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել 957 մարդ: Հունիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության հասարակական շահերի պաշտպանության ծառայության պետ Սափարբեկ Նուրփեիսովը:
670 ձերբակալվածներ ստացել են վարչական կալանքներ, ևս 115-ը տուգանվել է, 172-ը ստացել է նախազգուշացում՝ գրել է Tengrinews.kz-ն:
Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են․ կալանավորներն ազատ են արձակվել: «Այսօր դուրս կգա ևս 63 անձ: Կալանքը կրելու կմնա 180 մարդ: Նրանց պատժի ժամկետները 6-ից մինչև 15 օր է»,- ասել է Նուրփեիսովը:
Հունիսի 9-ին և 10-ին Ալմաթիում և Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 500, հունիսի 10-ին՝ շուրջ 200 մարդու: