Վրացական կողմը Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր ռուսաստանյան շահերի սեկցիայի ղեկավարությանը հնարավորություն է ընձեռել հանդիպելու Ռուսաստանի այն չորս քաղաքացիների հետ, ովքեր մեղադրվում են լրտեսության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է polit.ru-ն, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: «Խոսքն այն ձերբակալվածների մասին է, որոնց վերաբերյալ ռուսաստանյան կողմը տեղեկատվություն Է խնդրել՝ պարզելու, թե այդ անձինք արդյոք Ռուսաստանի քաղաքացիներ են: Այն բանից հետո, երբ մենք նրանց փոխանցեցինք այդ տեղեկատվությունը, եւ նրանք համոզվեցին, որ խոսքն իրենց քաղաքացիների մասին է, նրանք խնդրեցին հանդիպել ձերբակալվածների հետ: Ուրբաթ ես անձամբ եմ խոսել Շվեյցարիայի դեսպանի հետ, որին հայտնեցի, որ երկուշաբթի ռուսաստանյան շահերի սեկցիայի ղեկավարը կկարողանա զրուցել բոլոր չորս ձերբակալվածների հետ, եթե նման ցանկություն լինի»,- հայտարարել է Կալանդաձեն: