Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Գուրգեն Զաքարյանի և Ալբերտ Ստեփանյանի գործի դատական քննությունը:
53-ամյա Գուրգեն Զաքարյանը Սուսեր համայնքի ղեկավարն է ու համատեղության կարգով՝ նաև գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչը:
48-ամյա Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է:
Այս երկու պատվելի այրերը սեպտեմբերյան մի առավոտ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին «վայել» ծեծկռտուք են սարքել:
Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք:
Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց՝ մատյանները վերցնելու համար:
Տեսել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը:
Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ»: Ու «թռել է իր դեմքին»:
Ինքը հրել է նրան, ու նա նորից նստել է բազկաթոռին, ապա վեր է կացել:
Իրենք սկսել են քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել:
Ուսուցչանոցում գտնվող ուսուցիչները միջամտել ու բաժանել են իրենց: Ստեփանյանը դուրս է եկել ուսուցչանոցից:
Գուրգեն Զաքարյանն ասել է, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Ինքը Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել:
Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը սպորտային համազգեստով նստած է եղել դպրոցի ուսուցչանոցում:
Գուրգեն Զաքարյանն իրեն դիտողություն է արել՝ ասելով. «Հլը կարգին նստի»: Ինքը չի հասցրել վեր կենալ տեղից, քանի որ Զաքարյանը դիտողությունն անելուց անմիջապես հետո հարվածել է իր դեմքին:
Ինքը փորձել է պաշտպանվել: Իրենց միջև քաշքշուկ է սկսվել:
Զաքարյանը շարունակել է հարվածներ հասցնել, իսկ ինքը նրան ընդամենը մեկ անգամ է խփել:
Ընթացքում Զաքարյանը սեղանի վրայից վերցրել է ջրամանը, փորձել է դրանով էլ հարվածել, բայց դեպքին ներկա ուսուցչուհի Քոսյանը նրա ձեռքից վերցրել է ջրամանը:
Զաքարյանը շարունակել է հարվածներ հասցնել, ինքը վնասվածքներ է ստացել, իր քթից արյուն է հոսել:
Ստեփանյանը պնդել է, որ Զաքարյանն իրեն չորս հարված է հասցրել, ինքը նրան՝ մեկ հարված: Ինքը Զաքարյանի հետ չի հաշտվել:
Դեպքին ականատես ուսուցիչները նկարագրել են Ստեփանյանի նստած դիրքը, որը դարձել է ուսուցչական տուրուդմփոցի պատճառ. «Նա նստած էր ցածր բազմոցին՝ ոտնաթաթը մյուս ոտքի ծնկին գցած…»:
Իրենց աշակերտավայել պահած երկու ուսուցիչներին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Այս հոդվածով մեղադրվողները կարող էին հաշտություն կայացնել, ու գործը կկարճվեր: Բայց հաշտության եզրեր ուսուցիչները չեն գտել: Նախընտրել են դատվել:
Ընդհանուր իրավասության դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել:
Գուրգեն Զաքարյանը դատապարտվել է 100 հազար դրամ, իսկ Ալբերտ Ստեփանյանը՝ 90 հազար դրամ տուգանքի:
Դատարանը եզրակացրել է, որ այս պատիժը բավարար է՝ «երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող» և առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած ուսուցիչներին ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:









































