Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին ձերբակալել են կոռուպցիայի և դրամական միջոցների լվացման հետ կապված հանցագործությունների մասնակցելու կասկածանքով: Այդ մասին հունիսի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի:
Իր հերթին երկրի Հաշվետվության հարցերի ազգային բյուրոյի ներկայացուցիչը, որը Զարդարիի նկատմամբ հետաքննություն էր անցկացնում կեղծված բանկային հաշիվների օգտագործման և խոշոր չափերով դրամական միջոցների լվացման գործով, հաստատել է ձերբակալումը, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել:
Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (ՀԴԳ) ստուգում է Ասիֆ Ալի Զարդարիի, նրա քրոջ՝ Ֆարիալ Թալփուրի և Omni Group-ի նախագահ Անվար Մաջադիի մեղսակցությունը փողերի լվացմանը կեղծված բանկային հաշիվների միջոցով:
Հետաքննությունն սկսվել է 2013 թվականին՝ Զարդարիի պաշտոնաթողությունից հետո: