SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Վերջինս խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն գույքն ամբողջությամբ վնասվել է:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









































