«Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն, չնայած Վրաստանում 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների գնահատման հարցում տարաձայնություններին, պատրաստ են քննարկել այդ խնդիրը»,- Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսում նշել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Հարաբերությունները միանգամայն լավ են զարգանում, բայց դա չի նշանակում, որ մենք այլևս տարաձայնություններ չունենք»,- ասել է Մեդվեդևը` ավելացնելով, որ տարաձայնություններ են մնում 2008 թվականի իրադարձությունների գնահատման շուրջ: «Մենք արձանագրեցինք, որ այդ թեման չպետք է արգելք դառնա: Մենք կքննարկենք այդ հարցը և ցանկանում ենք, որպեսզի այդ քննարկումներն արդյունավետ ընթանան»,- ասել է նա: Նրա կարծիքով, հենց այդ կերպ կարելի է խաղաղություն ապահովել Կովկասում և ողջ Եվրոպայում: «Եվ մենք պատրաստ ենք, որ այդ քննարկումներն ընթանան այն պայմանով, որ մենք կպահպանենք մեր դիրքորոշումը, իսկ ՆԱՏՕ-ի երկրները` իրենցը»,- նկատել է Մեդվեդևը: Նա ավելացրել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կան նաև այլ հարցեր: