Ռուսաստանը և Միացյալ Նահանգները Սիրիայի հարցում դեռևս համաձայնության չեն եկել, բայց մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արդյունավետ հանդիպումներից հետո բոլոր մակարդակներում շփումներ են ընթանում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ Վաշինգթոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներով շփումներ ունեցել ենք և ունենք, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Սոչիում, մեր կարծիքով, արդյունավետ քննարկումներ եղան նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի մակարդակով: Համաձայնություն չկա: Չկան ո՛չ բանակցություններ, ո՛չ մանրամասներ, քանի որ բանակցություններ չկան: Կան շարունակվող շփումներ»,- ասել է նա:
«Երկու կողմերն էլ այս հակամարտության քաղաքական լուծման կողմնակից են,- ընդգծել է դիվանագետը: – Սա կլինի աստիճանական գործընթաց, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով»: