Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ЗИЛ-ին հարվածած ավտոմեքենան ГАЗель է եղել, որն ուղղություն է վերցրել դեպի Գավառի կողմ: Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան: