ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ երկրին տնտեսական նոր ճգնաժամ է սպառնում, եթե Կոնգրեսը չհամաձայնի նորից բարձրացնել պետական պարտքի հնարավոր վերին շեմը: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Twitter միկրոբլոգերի կայքում տեղի ունեցած առաջին օն-լայն մամուլի ասուլիսի ժամանակ:
Բարաք Օբաման հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի փոխզիջման հասնել կոնգրեսականների հետ՝ նշելով, որ կան նաև այլ մեթոդներ բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու, ինչպես նաև ծախսերը կրճատելու համար: Օբաման ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պետությունը նպատակաուղղված բարեփոխում է տնտեսությունը, այլ ոչ թե ներդրումներ կատարում՝ հավելելով, որ իրեն հաջողվել է ավելի շատ բարեփոխումներ իրականացնել, քան իր նախորդներն են արել:
Որպես հիմնական քայլերից մեկը նա նշել է ցածր և միջին դասի ներկայացուցիչների համար հարկային բեռի թեթևացումը՝ միաժամանակ ասելով, որ հարուստների համար հարկերի բարձրացումը չի կարող ազդել տնտեսության վրա:
Հիշեցնենք նաև, որ Օբաման շատ ակտիվ է սոցիալական լրատվամիջոցների հետ շփումներում: Մինչև այդ նա մամուլի ասուլիսներ է իրականացրել Facebook սոցցանցով և Youtube-ով: