
Կոսովոն կդիտարկի Ալբանիայի հետ միավորվելու հնարավորությունը, եթե Եվրամիությունը շարունակի մեկուսացնել հանրապետությանը: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին՝ հաղորդում է TASS-ը:
«Եթե ԵՄ-ն շարունակի մեկուսացնել Կոսովոն, կդիտարկվի Ալբանիայի հետ միավորվելու շուրջ ինստիտուցիոնալ գործողությունների կամ հանրաքվեի հնարավորությունը: Մենք կարող ենք դա անել խորհրդարանական բանաձևերի կամ Կոսովոյում և Ալբանիայում հանրաքվեների անցկացման միջոցով, բայց ներառյալ Պրեշևը, Մեդվեդժեն և Բույանովացը: Եթե ԵՄ-ն չի ցանկանում ալբանական երկու պետություն ընդունել՝ երկու դրոշով, թող ընդունի միայն մեկ դրոշը»,-հայտարարել է Թաչին՝ Dukagjinit հեռուստաալիքին:
Կոսովոյի ղեկավարի կարծիքով՝ այդ գաղափարը «կվերականգնի պատմական ճշմարտությունը»: Թաչին ճշտել է, որ «մեկուսացում» ասելով՝ ինքը նկատի ունի ԵՄ-ի հետ Կոսովոյի «այցագրային ազատականացման ձգձգված գործընթացը»:
Ավելի վաղ Թաչին քանիցս հայտարարել է ոչ միայն Կոսովոյի և Մետոքիայի ինքնավար սերբական երկրամասի, այլև Սերբիայի հարավային տարածքների՝ Պրեշևի հովտի նկատմամբ հավակնությունների մասին: Հովիտն ընկած է Սերբիայի հարավում, որտեղ գտնվում է երեք խոշոր քաղաք՝ Պրեշևը, Մեդվեդժեն և Բույանովացը:
Ավելի վաղ այդ տարածաշրջանում ապրող ալբանական սփյուռքի ղեկավարները դիմել են Կոսովոյի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց ներառել հանրապետության կազմում: Թաչին պնդում է, որ Պրեշևի, Մեդվեդժեի, Բույանովացի բնակչության 90 տոկոսը Կոսովոյին միանալու ցանկություն է հայտնում:
Սերբիայի ԱԳ նախարարությունը քանիցս նախազգուշացրել է Բալկաններում նոր ցնցումների վտանգի մասին:
Գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում «Մեծ Ալբանիայի» ստեղծման գաղափարն է: Դա բոլոր այն տարածքների միավորման պանալբանական գաղափարն է, որտեղ ապրում է ալբանական էթնոսը: Այդ դեպքում ալբանները կհավակնեն Հունաստանի տարածքի մի մասին, Մակեդոնիայի կեսին, ամբողջ Կոսովոյին, Հարավային Սերբիայի տարածքին, ինչպես նաև Չեռնոգորիայի կեսին: