Ստամբուլում մահացել է 15-ամյա Բերկին Էլվանը, ով 2013-ի հունիսին հակակառավարական ցույցերի ընթացքում գանգուղեղային վնասվածք էր ստացել և 269 օր անցկացրել կոմայի մեջ: Այս մասին գրում է Hürriyet-ը՝ հղում անելով մահացածի ծնողների թվիթերյան հայտարարությանը:
Դեռահասը մահացել է հիվանդանոցում, որի մոտ ընդդիմադիր տրամադրություններով բազմություն է հավաքվել: Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, որն արցունքաբեր գազ է արձակել ուղիղ բուժհաստատության մուտքի մոտ: Ոմանք շարունակում են մնալ հիվանդանոցի մոտ և կառավարությունից պատասխան պահանջել:
Էլվանի ծնողները հայտարարել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք կներկայացնեն Թուրքիայի իշխանությունների գործողությունների դեմ, քանի որ իրենց որդու մահվան մեջ պատասխանատու են համարում կառավարությանը: Հայրենիքում Էլվանի հարազատներին չի հաջողվել հասնել այն բանին, որպեսզի դեռահասի մահը հետաքննեն:
Էլվանի հարազատների վարկածով՝ նա դարձել է հակակառավարական ցույցերի պատահական զոհ: Դեռահասը, որը 2013-ի հունիսին 14 տարեկան էր, խանութ էր ուղևորվել հացի և հայտնվել թաղամասում, որտեղ ոստիկանությունը ցրում էր ցուցարարներին: Արցունքաբեր գազով լիցքերից մեկն ընկել էր Էլվանի գլխին: Դեռահասը հոսպիտալացվել էր և հայտնվել կոմայի մեջ:
Associated Press-ի հաշվարկներով՝ Էլվանը դարձել է հակակառավարական ցույցերի 8-րդ զոհը:
Դեռահասնի հուղարկավորությունը ծրագրված է չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի վերջին ցույց էր սկսվել՝ ի պաշտպանության Ստամբուլի Գեզի այգու վերակառուցման ծրագրերի:











































