Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ կրկին առաջարկել է Անկարա ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված աշխատանքային խումբ ստեղծել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը:
Երկու առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Ճապոնիայում, հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում, ասվում է Ալթունի Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հիմնախնդիրների հարցերը և գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից թուրքական պողպատի վրա լրացուցիչ հարկերի վերացման վերաբերյալ:
Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի հրաժարվի C-400-ի գնման մտադրությունից և հուլիսին ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը կմտնի երկիր:
Միացյալ Նահանգները պնդում են, որ C-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ, սպառնում են պատժամիջոցների կիրառմամբ դրանց հնարավոր ձեռքբերման դեպքում, և բազմիցս ասել են, որ կարող են հետաձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մատակարարման գործընթացը: Թուրքիան հանդիսանում է F-35-ի ստեղծման ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից մեկը: Թուրքիան նույնպես բազմիցս հայտարարել է, որ C-400-ը սպառնալիք չի հանդիսանում ամերիկյան F-35 կարծանիչների համար: