Արհեստական ինտելեկտը որպես տեխնոլոգիա ինքնին սպառնալիք չի ներկայացնում, վտանգը կապված է այն բանի հետ, թե ինչպես մարդը կօգտագործի ստեղծվող տեխնոլոգիաները: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի Ելի համալսարանի Կենսաէթիկայի միջդիսցիպլինար կենտրոնի պրոֆեսոր Վենդել Վալլահը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Բանն այն չէ, որ արհեստական ինտելեկտը, որը մենք կստեղծենք հաջորդ 20 տարում, ինչ-որ վախեցնող բան է ներկայացնում: Երբեմն վախեցնում է մարդն ինքը և այն, թե նա ինչպես կօգտագործի ստեղծված տեխնոլոգիաները»,-ասել է Վալլահը արհեստական ինտելեկտին նվիրված համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել է «Ռայհե» վերլուծական կենտրոնի կողմից: Նա նշել է, որ տեխնոլոգիաները կարող են վտանգավոր դառնալ, եթե որևէ մեկը ցանկանա դրանք օգտագործել մարդկանց վարքագծի և զգացմունքների մանիպուլյացիայի համար:
«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք ունենանք այնպիսի սենսորներ , որոնք գիտեն, թե դուք երբ եք վախ կամ խոցելիություն զգում… Ինձ համար վախեցնողն արհեստական ինտելեկտի օգտագործումն է լրտեսելու նպատակով: Բացի այդ, ինչ կլինի, եթե արհեստական ինտելեկտը վերահսկի մահաբեր զենքը: Դա շատ վախենալու է, բայց մենք այդ ամենն անելու կարիքը չունենք»,-ասել է Վալլահը:
Դրա հետ մեկտեղ նա թերահավատորեն է տրամադրված այն բանի նկատմամբ, թե գիտնականները որքան արագ կկարողանան ստեղծել մարդկային ուղեղին նմանվող ինչ-որ մի բան, ըստ նրա՝ դրա համար խոչընդոտ կարող են դառնալ նաև էթիկայի հարցերը: