Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի հարևան արաբական երկրներին առաջարկել է չհարձակվելու դաշնագիր ստորագրել: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, Բաղդադում, ուր ժամանել էր պաշտոնական այցով, հաղորդում է DW-ն: Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենալ Պարսից ծոցի երկրների հետ և ողջունում է լարվածության թուլացման հետ կապված ցանկացած առաջարկություն։
Միևնույն ժամանակ, Զարիֆը նշել է, որ Իրանը պատրաստ է վճռականորեն պաշտպանվել ցանկացած ռազմական կամ տնտեսական ագրեսիայից և կոչ է արել եվրոպական պետություններին գործնական քայլեր ձեռնարկել Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման համար և ոչ թե սահմանափակվել միայն հայտարարություններով:
Իրաքի արտգործնախարար Մուհամեդ Ալի Ալհաքիմն իր հերթին հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև և փորձել լուծում գտնել երկու երկրների միջև առկա ճգնաժամը հաղթահարելու համար: Նա ընդգծել է, որ Իրաքը ԱՄՆ-ի կողմից Իրանի «տնտեսական շրջափակումը» ճիշտ քայլ չի համարում: