Ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելուն վերաբերող «Պետական տուրքի» մասին օրենքի նախագիծը խորհրդարանում շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել։
Հիշեցնենք՝ կառավարությունը առաջարկում էր ներկրվող ցեմենտի համար սահմանել 1 տոննայի դիմաց 22 հազար դրամ։ Սակայն օրինագիծը խորհրդարանում հանդիպեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիմադրությանը. նրանք պահանջեցին նվազեցնել պետական տուրքի շեմը, այն սահմանել ժամանակավոր՝ 1 տարի ժամկետով, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք չսահմանել։ Օրինագծին դեմ էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ ցեմենտ արտադրող «Արարատ ցեմենտ» գործարանը առնչություն ունի նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիշեցնենք նաև՝ սա այն օրինագիծն էր, որի աղմկոտ քննարկումների ժամանակ առաջացավ շահերի բախում, քանի որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները փորձում էին պաշտպանել իրենց առաջնորդի բիզնես շահերը։
ԲՀԿ խմբակցությունից Արթուր Դալլաքյանը նշեց, որ անհասկանալի երևույթ է տեղական արտադրողի հետ նման կերպ վարվելը. «Գալու է ժամանակ, որ ներքին արտադրողը էլ չի աշխատի, դադարեցնելու է գործը։ Ունենք երկու խոշոր արտադրող, որոնց ասում ենք՝ փակվեք հըլը, շուտ։ Սա մոտեցում չի։ Ամեն ինչ կորցնելու եք։ Էսօրվա էս քայլը բերելու է մեր գործարանների փակման կամ էլ աշխատելու ձևը փոխելու են»։