Լուրեր
Տղամարդավարի պահեք Ձեզ, խոստովանեք Ձեր մեղքը, երկիրը մի խառնեք իրար. Պաշտպանության նախկին փոխնախարար

«Ամեն կերպ ուզում են խեղաթյուրել իրականությունը, մի օր մի բան են ասում, մյուս օրն՝ ուրիշ բան, սկզբից ինչ-որ բան չեն ընդունում, հետո ընդունում են: Քոչարյանն իր ասածները մե՛կ հերքում է, մե՛կ հաստատում: Իրականությունը դուրս է գալու ջրի երես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և նրա շուրջ ծավալված իրադարձություններին:

Հարցին, թե արդյոք նորություն հնչեց դատարանի դահլիճում, Գ. Մելքոնյանը նշեց. «Առաջին անգամ լսեցի, որ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Թող ապացուցեն, որ Ղարաբաղից գոնե մի զինվոր է բերվել Հայաստան»: Այո՛, մի զինվոր չի եկել, շատ զինվորներ են եկել, բայց նա ժխտում է այդ փաստը, ինչպե՞ս կարող է զինվորական ստորաբաժանման տեղաշարժ լինել մի հանրապետությունից մյուս հանրապետություն, և երկրի նախագահը դրանից տեղյակ չլինի: Այդպիսի տեղաշարժին տեղյակ է լինում Գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարները, Հայաստանի և Արցախի նախագահները:

Արցախից զինվոր բերելու հիմնական պատճառն այն է, որ չեն վստահել մեր զինվորականներին: 18 տարեկան զինվոր չի եկել Հայաստան, պայմանագրային հիմունքներով սպաներ և ենթասպաներ են եղել»:

«00-38 հրամանով ամեն մեկը պարզ ստացել է իր հանձնարարությունը և կատարել. դա պաշտպանության նախարարի հրամանն է: Երկրորդ նախագահը գիտի՝ ով է հրաման տվել…,- նշեց նախկին փոխնախարարը:- Սամվել Բաբայանն էլ է ասում, որ կրակելու հրաման եղել է Կառավարության շենքից, ոչ թե Բաղրամյան 26-ից: Բաղրամյան 26-ում Ռ. Քոչարյանն էր, իսկ Կառավարությունում նստած էր նոր իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը՝ իր շտաբով: Քոչարյանն ասում է, որ ինքը տեղյակ չէ, ես մտածում եմ, որ դա անհնարին է, կարող է հրաման չի տվել, բայց չէր կարող տեղյակ չլինել նման իրավիճակում»:

«Ալումյանը բազում անգամներ իր թիմով անընդհատ մեզ վրա է ուզում գցել մեղավորությունը՝ ամեն անգամ մի բան ասելով: Ես եղել եմ պաշտպանության նախարարի տեղակալ, իմ ենթակայության տակ զորքեր չեն եղել, ես ուղղակի ասել եմ, որ պետք չէ զորք մտցնել Երևան, հազիվ ժողովուրդը բանակն ընդունում է որպես իր երախայի, մի արեք այնպես, որ նորից հիասթափվի: Մենք չենք ուզեցել, որ զորք բերվի Երևան՝ ասելով, որ կան ներքին զորքեր, թող նրանք զբաղվեն երկրի կարգուկանոնը պահպանելով:

Ցուցարարների իբրև թե  զինված լինելու մասին հեռուստացույցով կադրեր ցույց տվեցին՝ արկղերով չօգտագործված զենքեր էին. ամեն մեկն էլ կհասկանար, որ դա ինչ-որ տեղից բերած դրած է, ցույց չտվեցին՝ ո՞ւմ մոտից են վերցրել, զենքերը թողեցին փախա՞ն: Ցույց տված կադրերը չէին համապատասխանում իրականությանը:

Լարվածությունը մեղմելու, արյունահեղությունը կանխելու համար Սեյրան Օհանյանին առաջարկեցինք հանդիպել Սերժ Սարգսյանին, Ս. Օհանյանը գնաց, եկավ ասաց, որ մինչև ժամը 7-ը պատասխան կտան: Արդեն յոթն անց էր, Ս. Օհանյանն ասաց, որ բանակցելու առաջարկը իշխանությունը մերժեց»,- նշեց Գ. Մելքոնյանը:

Նախկին փոխնախարարը կոչ արեց, որ ով սխալներ է թույլ տվել երկրի հանդեպ, պատասխանատվություն կրի. «Ասում էիք՝ մեր դեմ խաղ չկա, դե տղամարդավարի՛ պահեք ձեզ, տղամարդու նման խոստովանե՛ք ձեր մեղքը և երկիրը մի՛ խառնեք իրար: Ես մտահոգ եմ մեր միասնության համար, մեր միասնությունը պիտի կարողանանք պահել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *