ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: