Խորը մտահոգությամբ ենք հետեւում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Այս մասին ասված է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում:
Ուղերձում նաեւ ասվում է.
«Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության եւ սիրո ոգու ամրապնդմամբ:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները:
Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը եւ հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:
Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման եւ համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:
Երկնառաք օրհնություն եւ աստվածային իմաստություն ամենքիս»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:
Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: