Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը չի հանդգնի լայնածավալ պատերազմ սկսել առանց Ռուսաստանի համաձայնությունը ստանալու. Եվգենի Չաուսովսկի (Stratfor)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկյան «Սթրաթֆոր» (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին։

– Պարոն Չաուսովսկի, մեր զրույցի թեման վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին։ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից՝ «թավշյա հեղափոխությունից» հետո՝ առաջին ամիսներին, որոշ լարվածություն էր նկատվում Երևանի և Բաքվի միջև. Փաշինյանն ու Ալիևը հեռահար սուր հայտարարություններով, քննադատություններով էին փոխանակվում, բայց հետո բավական տարօրինակ պրոցես սկսվեց՝ սեպտեմբերի վերջին Հայաստանի վարչապետը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Ալիևի հետ՝ առանց որևէ միջնորդի մասնակցության, և նրանք պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու ուղղությամբ ու նաև «օպերատիվ կապ» հաստատել Երևանի և Բաքվի միջև։ Սրան հաջորդեց լարվածության էական նվազեցումը, և շուրջ 6-7 ամիս սահմանին իրավիճակը բավական խաղաղ էր։ Բայց վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ աճել է, և ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ծանր վիրավորվեց հայ զինծառայող։ Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, իրադրությունը սահմանային գոտում կապված քաղաքական պրոցեսի հետ, և ինչո՞ւ է իրավիճակը կրկին սրվում։

– Այո, ինչպես դուք նշեցիք՝ վերջին ամիսներին շփումները բավական ակտիվացել էին կողմերի միջև, բայց բանակցությունների տեմպը կարծես թե գնալով նվազում է։ Ես կարծում եմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները, ոչ էլ այս բանակցությունների պրոցեսին ներգրավված այլ մեծ տերություններ չեն ուզում այսօր լուրջ փոփոխություններ տեսնել հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Հայաստանի համար ավելի նախընտրելի է ստատուս-քվոն պահպանելը։ Իսկ Ադրբեջանը, ինչպես տեսանք 2016-ին, ուզում է փոխել ստատուս-քվոն և փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն։ Բայց Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, այո՛, որոշ հեռանկարներ բացվեցին վերսկսելու երկխոսությունը, և մենք տեսանք դա։ Սակայն ընդհանուր առմամբ, ով էլ լինի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը՝ Փաշինյանը, Սարգսյանը կամ մեկ ուրիշը, հայկական կողմի հիմնական հետաքրքրությունը ստատուս-քվոն պահպանելն է։ Դրա պատճառով էլ մենք հիմա վերադառնում ենք այն վիճակին, որում էինք մինչև Հայաստանում տեղի ունեցած հայտնի փոփոխությունները։ Բայց ես հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացում էական առաջընթացի հեռանկարներ առայժմ չեմ տեսնում։

– Այսպիսով, Դուք կարծում եք, որ Հայաստանն ուզում է պահպանե՞լ ներկայիս ստատուս-քվոն։

– Այո, պահպանել ստատուս-քվոն՝ տարածքների առումով։ Կարող է որոշ  առաջընթաց լինել այլ հարցերի շուրջ, բայց Հայաստանը չի ցանկանա որևէ տարածք զիջել։

– Բայց չե՞ք կարծում, որ խնդիրը զուտ տարածքները չեն։ Ադրբեջանական կողմը հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթացը ներկայացնում է միայն տարածքային ինչ-որ փոխզիջումների կամ զիջումների տեսքով և ասում է՝ տարածքները վերադարձրեք և վերջ։ Մինչդեռ Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամբիոններից կրկնեց, որ ինքը մի քանի ամիս առաջ շատ կարևոր հայտարարություն է արել՝ ասելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չարձագանքեց այս հայտարարությանը։ Ճիշտ կլինի՞ ասել, որ Փաշինյանն ավելի կառուցողական դիրք է զբաղեցնում։

– Դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում հարցին։ Կարծում եմ, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են բանակցելու, բայց վերջին հաշվով Ադրբեջանի նպատակը տարածքներ վերադարձնելն է կամ ավելի շատ տարածքներ գրավելը։ Բայց պետք է հարցին նայենք նաև Ադրբեջանի ներքին քաղաքականության տեսանկյունից։ Այս երկիրը փորձում է մարտահրավեր նետել ստատուս-քվոյին՝ տարածքների առումով, իսկ Հայաստանը, ինչպես նշեցի, դեմ է տարածքային զիջումներին։ Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է միջնորդի դեր խաղալ, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ չի ուզում էապես փոխել ստատուս-քվոն։ Նա ուզում է ամրապնդել իր տարածաշրջանային դիրքերը երկու երկրներում էլ։ Ուստի վերջին մի քանի տարիներին էական փոփոխություններ, առաջընթաց չենք տեսնում հետևյալ պատճառով։ Ադրբեջանի ղեկավարությունը կարողացավ 2016 թվականին ուղերձ հղել իր բնակչությանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սառեցված չէ, հակամարտությունը դեռևս շատ ակտիվ է, և բանակցային գործընթացն էլ ակտիվ է։ Բայց դրանից հետո պետք է հաշվի առնենք ոչ միայն Հայաստանի ռազմական պատասխանը, այլև Ռուսաստանի հնարավոր ռազմական աջակցությունը Հայաստանին։ Իսկ Ադրբեջանը, 2016 թվականի ապրիլին գնալով նման քայլի, նվազեցրեց ստատուս-քվոն տարածքային առումով փոխելու իր հնարավորությունները։ Ուստի ճիշտ չի ասել, թե բանակցությունները որևէ նշանակություն չունեն։ Անշուշտ, շատ կարևոր է շարունակել երկխոսությունը, ապահովել բանակցությունների շարունակությունը, բայց, ի վերջո, Ադրբեջանի նպատակը տարածքներ վերադարձնելն է։ Բայց դա չի նշանակում, որ նրանք անմիջապես կգնան այդ քայլին։ Նրանք ստիպված են հաշվի նստել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի գործոնի հետ։ Այդ պատճառով էլ էական փոփոխություններ չեն լինում։

– Կարծում եք՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի՞ն։ Ըստ իս՝ Ռուսաստանը փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառում նաև Ադրբեջանին։ Մյուս կարևոր հարցը՝ ի՞նչ է այսօր ուզում Ադրբեջանը։ Նախկինում ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ քաղաքականություն էր իրականացնում սահմանին և դիվանագիտական ճակատում, բայց վերջին ամիսներին նրանք ավելի հանգիստ են ռազմական առումով։ Ի՞նչն է պատճառը։

– Կարծում եմ՝ նրանք այսօր ավելի հանգիստ են այն պատճառներով, որոնք նշեցի վերևում։ Ադրբեջանին պարզապես պետք էր հասկացնել իր հանրությանը, իր ժողովրդին, որ հակամարտությունը սառեցված չէ, և իրենք կարող են փոխել իրավիճակը։ Եվ դա տեղի ունեցավ 2016 թվականին։ Դա տվեց իր արդյունքը, և հիմա դժվար է ասել, թե որքան երկար կտևի այս ընդմիջումը, ե՞րբ անհրաժեշտություն կառաջանա ևս մի նմանատիպ գործողություն իրականացնելու՝ սեփական ժողովրդին որոշակի ուղերձներ հղելու նպատակով։ Կարծում եմ՝ առայժմ խիստ անհրաժեշտություն, հրատապություն չկա Ադրբեջանի համար մեկ այլ խոշոր հարձակողական գործողություն ձեռնարկելու։
Ես համաձայն եմ ձեզ հետ, որ Հայաստանի տեսանկյունից Ռուսաստանը շատ հավատարիմ դաշնակից չէ Հայաստանի համար։ Ռուսաստանը համեմատաբար չեզոք էր 2016-ի ապրիլին, և ինչպես դուք նշեցիք՝ նա զենք է մատակարարում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։ Բայց ես խոսում եմ ավելի լայն, ռազմավարական հարցերի մասին։ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Հայաստանում, Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի գլխավորած դաշնակցային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը։ Իհարկե, սրանք կատարյալ միություններ չեն, կա որոշակի լարվածություն երկու երկրների միջև։ Բայց ես կարծում եմ, որ ավելի լայն իմաստով Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝ ընդդեմ նրան շրջապատող թշնամական պետությունների։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը ավելի լայն հարձակողական գործողություն նախաձեռնի, քան 2016-ին էր, և փորձի գրավել ողջ Ղարաբաղը, այդ դեպքում Ռուսաստանն այլ դիրք կգրավի և ավելի շատ կաջակցի Հայաստանին։ Այս գործոնը ևս ազդում է Ադրբեջանի համապատասխան օղակներում կատարվող ռազմական հաշվարկների և որոշումների կայացման վրա։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ նրանք համեմատաբար ավելի հանգիստ են իրենց պահում և որոշում չեն կայացրել լայնածավալ հարձակում իրականացնելու, որովհետև գիտեն՝ առանց Ռուսաստանի ռեակցիան իմանալու նման բան անելը շատ լուրջ խնդիրներ կառաջացնի։

– Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ Ռուսաստանը ամենակարևոր և ամենաառանցքային ուժերից է այս հակամարտության շրջանակներում։ Նույնիսկ Հայաստանում կա տարածված վարկած կամ համոզմունք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմն իրականում հրահրել է Ռուսաստանը՝ Ադրբեջանին խրախուսելով հսկայական ծավալների սպառազինության մատակարարումներով։ Եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ հետագա հնարավոր ռազմական սրացումները կախված են Մոսկվայի կեցվածքից, դիրքորոշումից, կարո՞ղ ենք նոր էսկալացիա կանխատեսել։

– Ռուսաստանի մոտեցումները հասկանալու համար պետք է նայել ոչ միայն իրավիճակին Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլև Ռուսաստանի ընդհանուր արտաքին քաղաքականությանը։ Ռուսաստանը երկարատև հակամարտության մեջ է մտել Միացյալ Նահանգների և ընդհանրապես Արևմուտքի հետ Ուկրաինայի հարցի շուրջ, բայց այս առճակատումը հետո տարածվել է նաև այլ օջախների, օրինակ՝ Սիրիայի վրա։ Նույնիսկ Վենեսուելայի հարցի շուրջ որոշ լարվածություն է նկատվում։ Այսպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կան շատ ավելի կարևոր առաջնահերթություններ։ Չեմ ասում, թե Լեռնային Ղարաբաղը կարևոր չէ Ռուսաստանի համար։ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել բանակցություններին՝ որպես միջնորդ, որպես առանցքային արբիտր, բայց քանի որ ավելի դինամիկ զարգացումներ են ընթանում այլ թեժ կետերում՝ մասնավորապես Ուկրաինայում, Սիրիայում, Ռուսաստանն այս պահին շահագրգռված է, որ ստատուս-քվոն չփոխվի և հարաբերական խաղաղություն լինի Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ես արդեն ասացի, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը 100 տոկոսով աջակցում է Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի, որովհետև երկու երկրներն էլ շատ կարևոր են Ռուսաստանի համար։ Ռուսաստանն ուզում է լինել ամենաազդեցիկ խաղացողը երկու երկրների համար, այդ պատճառով է նա զենք վաճառում Ադրբեջանին և զարգացնում համագործակցությունը Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում՝ նույնիսկ այն դեպքում, երբ ռազմաբազա ունի Հայաստանում։ Ուստի Ռուսաստանը կուզենա հնարավորինս երկար պահպանել ներկայիս վիճակը։ Եթե Ադրբեջանը ցույց տա, որ պատրաստվում է մեկ այլ՝ ավելի մասշտաբային հարձակում իրականացնել, քան 2016 թվականի ապրիլին էր, Ռուսաստանը, կարծում եմ, ավելի ուղղակիորեն կմիջամտի հակամարտությանը։

– Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, հավաստի այն տեղեկությունը, որ այսօր բանակցությունների սեղանին դրված են ռուսական առաջարկները, որոնք հայտնի են որպես «Լավրովի պլան» կամ «Լավրովի նախագիծ»։ Եթե Ռուսաստանն իրոք փորձում է կյանքի կոչել այս ծրագիրը, այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, կաջակցե՞ն նրան, թե՞ ռուսական կողմն իր խաղն է փորձում խաղալ։

– Ես կարծում եմ՝ այդ ծրագիրը սեղանին է դրված եղել բավական երկար ժամանակ։ Դա նոր ծրագիր չէ։ Բայց ես կրկին ուզում եմ վերադառնալ վերևում իմ կողմից նշվածին՝ որ այս պահին Ռուսաստանի շահը թելադրում է թույլ չտալ իրավիճակի լուրջ փոփոխություն Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Խոսքը և՛ դիվանագիտության, և՛ ռազմական իրադրության մասին է։ Բայց Ռուսաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ են, հետևաբար նա ցույց է տալիս, որ միշտ բաց է բանակցություններ կազմակերպելու և նմանատիպ նախագծեր ներկայացնելու համար։

– Մոսկվան և Վաշինգտոնը, Ձեր կարծիքով, շարունակո՞ւմ են համագործակցել Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, թե՞ նրանց այդ դիմակայությունն սկսել է արտացոլվել նաև Ղարաբաղյան գործընթացում։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը կարո՞ղ է պատճառ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կառավարման, վերահսկման միջազգային մեխանիզմների թուլացման համար։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրող ձևաչափն է, բայց այս երկու տերությունները, ըստ իս, տարբեր ռազմավարական շահեր են հետապնդում այս գործընթացում։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Ռուսաստանի դիրքերը թուլանան ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման համատեքստում, այլև ընդհանրապես հետխորհրդային տարածքում։ Իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, ուզում է ամրապնդել տարածաշրջանային տերության իր կարգավիճակը։ Ռուսաստանն ուզում է լինել ամենաազդեցիկ պետությունը։ Եվ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը չի բխում Մոսկվայի շահերից։ Նա, իհարկե, չի ուզում, որ լայնածավալ պատերազմ լինի, հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, բայց նաև չի ուզում կարգավորում, մասնավորապես այնպիսին, որի դեպքում իր ազդեցությունը տարածաշրջանում կնվազի։ Հետևաբար բանակցությունների ձևաչափը՝ լինի Մինսկի խումբը թե այլ ձևաչափ, այդքան կարևոր չէ, որքան այս երկրների իրական շահերը, և շատ առումներով նրանց նպատակները չեն համընկնում։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք նոր պատերազմի ռիսկերը։ Հակամարտության վերսկսման լուրջ վտանգներ տեսնո՞ւմ եք։

– Ես կասեի, որ չեմ կարող ամբողջությամբ բացառել նման զարգացում, քանի որ փոխհրաձգությունները, փոքր բախումները, որոնք հաճախ են լինում շփման գծում, կարող են նոր հակամարտության բռնկման պատճառ դառնալ։ Բայց, այսուհանդերձ, դա այս պահին քիչ հավանական է՝ հիմնականում վերևում նշված պատճառներով։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը կհանդգնի լայնածավալ պատերազմ սկսել՝ առանց Ռուսաստանի համաձայնությունը ստանալու։ Եվ ես չեմ կարծում, թե Ռուսաստանը կտա այդ համաձայնությունը, քանի որ այս պահին Ռուսաստանին ավելի ձեռնտու է ստատուս-քվոն պահպանելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում