Արդարությունը պահանջում է, որ պոնտացի հույների նկատմամբ թուրքական իշխանությունների՝ 1914-23 թվականներին գործած բռնությունները ճանաչվեն բոլորի կողմից: Այս մասին մայիսի 18-ին պոնտացի հույների հետ հանդիպմանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Հանդիպումը նվիրված էր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, որ հարգում են Հունաստանում մայիսի 19-ին: 1919-ի այդ օրը համարվում է Քեմալի կողմից այդ երկրում պոնտական հարցի վերջնական լուծման սկիզբ:
Վարչապետ Ցիպրասը հիշեցրել է հարյուր հազարավոր տեղահանված հույների մասին, որոնց մեծ մասը, նրա խոսքով, զոհվել են կազմակերպված բռնության հետևանքով: «Դա հելլենիզմի մարմնին մեծ վերք էր»,- նշել է նա:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ցիպրասը հայտարարել է, որ չի պահանջում վրիժառություն այդ դեպքերի համար: «Բայց մենք պահանջում ենք արդարություն: Մենք խնդրում ենք նվազագույնը՝ իրական, պատմական դեպքերի ճանաչում»,- մասնավորապես ասել է նա: