Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մամեդյարովն ակնարկում է հայ-իրանական սահմանի փակման վտանգի մասին. Երևանն ու Բաքուն կարող են միավորվել ընդդեմ ընդհանուր սպառնալիքի

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 14-ին Բրյուսելում մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների և մասնավորապես հայ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մի շարք ուշագրավ և բավական վիճահարույց հայտարարություններ է արել, որոնցից յուրաքանչյուրն արժանի են առանձին վերլուծության և քննարկման։ Խոսքը վերաբերում է թե՛ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ Մամեդյարովի արտահայտած դիրքորոշմանը, թե՛ բանակցությունների սեղանին փաստաթղթին, այսինքն՝ հիմնախնդրի կարգավորման ենթադրյալ նախագծին, որի մասին, Մամեդյարովի պնդմամբ, շատ լավ գիտեն բոլորը, թե՛, օրինակ, նրա հարցապնդմանը, թե «ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում»։

Այս պնդումներն ու հայտարարությունները լուրջ բանավեճերի, քննարկումների, վերլուծությունների տեղիք են տալիս։ Մամեդյարովն, ըստ էության, կրկնում է ադրբեջանական կողմի այն ծեծված պրոպագանդիստական տեսակետը, որ Հայաստանը կմնա շրջափակման և մեկուսացման մեջ, դուրս կմնա տարածաշրջանի բոլոր տնտեսական նախագծերից, չի կարողանա զարգանալ, վատ կապրի, կապրի աղքատության մեջ, Հայաստանով չեն անցնի նավթամուղներ, գաղամուղներ, երկաթուղիներ, քանի դեռ հայկական կողմն ընդառաջ չի գնացել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, այլ խոսքերով՝ անվերապահորեն չի կատարել ադրբեջանական կողմի վերջնագիրը՝ հանձնել Լեռնային Ղարաբաղը առանց որևէ նախապայմանի։ Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ միայն այսպես են պատկերացնում «խաղաղությունը» տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Կարելի է, անշուշտ, գնահատել Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարությունը, նրա ցինիզմի մակարդակը, արձանագրել, որ Բաքուն շարունակում է շանտաժի և ճնշման քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչին, բնականաբար, համապատասխան ձևով պետք է արձագանքել։ Բայց դա կթողնենք մեկ այլ քննարկման համար: Մինչ այդ արձանագրենք Մամեդյարովի մեկ այլ ուշագրավ արտահայտություն, որը կրկին վերաբերում է Հայաստանի շրջափակման քաղաքականությանը։ Հայ լրագրողներից մեկից մեկի հարցին ի պատասխան ադրբեջանցի դիվանագետը կրկին սկսել է իր մտքի «գոհարները» շաղ տալ և խաղաղասիրության դասեր տալ՝ ասելով, թե «երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին խոսքն առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի մենք հասկանանք, որ բարիդրացիական հարաբերություններ ունենալը ավելի լավ է, քան բլոկադայի մեջ մնալը։ Ձեր սահմանը չորս հարևան երկրներից երկուսի հետ փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի։ Դուք ինքներդ ձեզ, հայ ժողովուրդն ինքն իրեն պիտի հարց տա՝ ի՞նչ կլինի դրանից հետո»։

Այն, որ Ադրբեջանն իր «եղբայրական» Թուրքիայի հետ արդեն ավելի քան 25 տարի համերաշխորեն, բայց ապարդյուն շրջափակման քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ՝ անօգուտ փորձելով ինչ-որ զիջումներ կորզել հայկական կողմից Արցախի հարցում, գաղտնիք չէ։ Բայց ի՞նչ նկատի ուներ Էլմար Մամեդյարովը՝ խոսելով երրորդ հարևանի հետ սահմանի փակման հեռանկարի մասին։ Նա խոսում էր հայ-վրացակա՞ն, թե՞ հայ-իրանական սահմանի մասին։ Սա պարզապես պրոպագանդիստական հայտարարությո՞ւն է, թե՞ ինչ-որ տեղեկություն, ենթադրություն, կանխատեսում։

Տեղին է այս համատեքստում հիշեցնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում խոսել էր թե՛ հայ-իրանական, թե՛ հայ-վրացական սահմանների «դե ֆակտո» փակման վտանգների մասին, բայց այս հայտարարությունն արվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցի համատեքստում։

«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ Հայաստանը կղզի է՝ առանց ծովի», – ասել էր Փաշինյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, ի՞նչ եք կարծում՝ ո՞ր երկրի հետ սահմանը նկատի ունի Մամեդյարովը, Վրաստանի՞, թե՞ Իրանի։ Սա քարոզչություն է, ենթադրություն, կանխատեսում, թե՞ որոշակի տեղեկություն։

– Գիտե՞ք, դրա մասին իրականում խոսել է ոչ միայն Մամեդյարովը։ Այս հարցի մասին մի քանի ամիս առաջ խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե որոշակի պայմաններում, որոշակի իրավիճակում կարող են փակվել Հայաստանի սահմանները Իրանի և Վրաստանի հետ։ Իսկ հիմա եկեք տրամաբանական վերլուծություն անենք։ Վրաստանի կողմից սահմանի փակումը գործնականում անհնար է։ Ավելի ճիշտ՝ հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեզ մոտ լրջագույն ապակայունացում լինի։ Իհարկե, ես չէի ասի, թե մեր երկրում այսօր ամեն ինչ լավ է ու կայուն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Վրաստանի դերը սևծովյան տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրատլանտյան դաշինքի համար իսկապես մեծանումէ է, ես հույս ունեմ, որ նման կարգի ապակայունացում մեզ մոտ չի լինի։ Այսպիսով, խոսքը Վրաստանի մասին չէ, և դա շատ լավ գիտի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը։

Հետևաբար, ի՞նչ կարող էր նկատի ունենալ Ադրբեջանի արտգործնախարարը. իհարկե, այն իրավիճակը, որը ստեղծվում է Իրանի շուրջ։ Անկեղծ կլինեմ՝ իրավիճակն Իրանի շուրջ բավական տագնապալի է։ Ընդ որում, եթե լուրջ ապակայունացում լինի Իրանում՝ շատ վատ կլինի և՛ ձեզ համար, և՛ Ադրբեջանի, և նույնիսկ մեզ համար՝ չնայած այն հանգամանքին, որ մենք ընդհանուր սահման չունենք Իրանի հետ։ Ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ Միացյալ Նահանգներն այսօր իր իրանական քաղաքականությունը դիտում է որպես «զրոյական ելքով խաղ» («Zero-sum game»)։ Ի՞նչ է սա նշանակում. նշանակում է, որ Իրանի հետ հնարավոր չէ համաձայնության հասնել։ Այսինքն՝ պետք է փոխել իշխող վարչակարգը Իրանում, իսկ վարչակարգը փոխելը կարող է տարբեր ձևով լինել։ Բայց այսօր ճնշումը Իրանի նկատմամբ արդեն վերածվել է լարվածության։ Իրանն արդեն իսկ հայտարարել է, որ հրաժարվելու է միջուկային համաձայնագրի մի մասից, և սա փոխեց Եվրամիության դիրքորոշումը, որն այս ընթացքում աջակցում էր, պաշտպանում էր Իրանին։ Բայց մյուս կողմից՝ Իրանի դիրքորոշումը ևս կարելի է հասկանալ, որովհետև այն խոսակցությունները, թե մշակվելու է ամերիկյան պատժամիջոցների շրջանցման ինչ-որ մեխանիզմ, այդպես էլ մնացին խոսակցությունների մակարդակում։ Այսպիսով, մենք տեսնում ենք իրավիճակի ընդհանուր սրացում։ Եվ պետք չէ մոռանալ, որ մենք ապրում ենք ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ պաշտոնական խաղացողներից, այսինքն՝ պետություններից բացի (օրինակ՝ Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան, Սաուդյան Արաբիա, Իսրայել և այլն)՝ գործում են նաև բազմաթիվ «proxy»-ներ՝ զինված խմբավորումներ են, որոնք ֆինանսավորվում են ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ մեկի ազդեցության տակ են, բայց ուղղակիորեն ոչ ոքի չեն ենթարկվում, և վերջին հարձակումները նավթային տանկերների վրա հաստատեցին սա։ Նկատենք, թե ինչ ասացին ամերիկացիները։ Նրանք ասացին, որ սա «proxy» հարձակում է, բայց ընգծեցին, որ Իրանի իշխանությունները կապ չունեն դրա հետ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք, իհարկե, մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց այս խորապատկերին ավելի պարզ է դառնում, թե ո՞ր երկրի մասին էր խոսում Մամեդյարովը՝ ասելով, որ շուտով կարող է փակվել նաև երրորդ հարևանի հետ սահմանը։ Նա նկատի ուներ, որ Իրանում իրավիճակի ապակայունացման դեպքում Հայաստանն ինքը ստիպված կլինի փակել սահմանը, որպեսզի կասեցնի փախստականների ներհոսքը։ Ի դեպ, նույնը ստիպված կլինի անել Ադրբեջանը։

– Ես հույս ունեի, որ չեք հիշի Փաշինյանի այդ հայտարարության, ես կասեի՝ բավական անզգույշ հայտարարության մասին։

– Ոչ, ոչ, դա անզգույշ հայտարարություն չէ։ Գիտե՞ք, կարելի է շատ բան ասել, շատ բանի մասին խոսել, ասել՝ ինչ ուզում ես, բայց պետք է միշտ ճիշտը ասել ժողովրդին կամ առնվազն տեղեկացնել գոյություն ունեցող ռիսկերի մասին։ Պարզ է, թե ինչու վարչապետը հիշատակեց Վրաստանը. որովհետև միայն Իրանի մասին նշելը կոռեկտ չէր լինի։ Չէ՞ որ բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում։ Մենք հասկանում ենք, թե ինչ վտանգավոր եզրագծի վրա ենք այսօր կանգնած։ Տարածաշրջանում կարող են այնպիսի պրոցեսներ սկսվել, որ ձեր հակամարտությունը ադրբեջանցիների հետ կարող է թվալ պարզապես մանկական խաղ, որը հարկավոր է մոռանալ, որպեսզի պաշտպանվենք այն սարսափելի արհավիրքներից, որոնց մենք բոլորս կարող ենք առերեսվել։

– Եթե խոսում ենք հայ-վրացական սահմանի փակման վտանգների մասին՝ Դուք, իհարկե, շատ լավ գիտեք, թե ինչ պատկերացումներ ունեն մեզ մոտ Վրաստանում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության մասին։ Ասում են՝ եթե փակվի Վրաստանի սահմանը՝ ապա դա կարող է լինել միայն թուրք-ադրբեջանական ազդեցության հետևանքով։

– Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե այդ ազդեցությունն այնքան մեծ լիներ, որ դրա հետևանքով փակվեր սահմանը, ապա այն, նախ, վաղուց արդեն փակված կլիներ, երկրորդն էլ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ակտիվորեն զարգանում են, մեր վարչապետները պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու մասին։ Ես կարող եմ դատել նաև ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատանքի։ Հայկական դեսպանատունը շատ է ակտիվացել, վերջերս մեզ հյուր եկավ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, և մենք նրա հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Հայ-վրացական հարաբերություններն այսօր բավական բարձր մակարդակի վրա են, ուստի ասել, թե Վրաստանը կարող է փակել սահմանը Հայաստանի հետ ինչ-որ մեկի պահանջով… Իրականում այդպիսի պահանջ երբեք էլ չի եղել Ադրբեջանի, առավել ևս Թուրքիայի կողմից, որովհետև բոլորն էլ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Չէ՞ որ Վրաստանը պահանջ չի ներկայացնում Թուրքիային՝ դադարեցնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

– Իսկ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղի՞ն։ Մամեդյարովը վերոնշյալ հարցազրույցի ընթացքում շատ հստակ ընդգծեց՝ «Հայաստանը շրջանցող երկաթուղի բացեցինք», ու դա ներկայացրեց իբրև ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ։

– Գիտե՞ք, շատ բան կարելի է ասել, բայց տվյալ պարագայում ինչպե՞ս կարելի է այս երկաթգիծը դիտարկել իբրև ճնշման լծակ։ Սա շատ բնական երկաթուղի է, որն, իհարկե, կանցներ Հայաստանի տարածքով, եթե նորմալ, խաղաղ հարաբերություններ լինեին Ադրբեջանի հետ։ Բայց այսօր այդ երկաթուղին այլ ճանապարհով է անցնում, և ի դեպ, դրա գլխավոր շահառուն Ռուսաստանն է, որովհետև հենց ռուսական բեռները շուտով կտեղափոխվեն այդ ճանապարհով։ Ռուսաստանն էլ շատ հետաքրքիր իրավիճակում է. Ռուսաստանին այսօր պետք է շրջանցել Ուկրաինան։ Սրանք աննորմալ կոնֆլիկտներ են, դրանք շատ տարօրինակ կոնֆիգուրացիաներ են ստեղծում։ Ռուսաստանը շրջանցում է Ուկրաինան, այսինքն՝ ստացվում է, որ ճանապարհը դեպի հարավային Եվրոպա անցնում է միայն այս ուղիով։

Շատ էին խոսակցությունները, վեճերը այն հարցի շուրջ, թե Բաքու-Թբիլիսի-Կարսը ավելի շատ քաղաքականությո՞ւն է, թե՞ տնտեսություն, բայց այս նախագծին Ռուսաստանի և Ղազախստանի միանալուց հետո պարզ է, որ սա տնտեսական ծրագիր է, քանի որ դա ճանապարհ է, որոնցով տեղափոխվում են բեռները։ Ղազախստանը ևս պատրաստվում է իր ցորենը այս ճանապարհով փոխադրել։ Այլ հարց է, որ այսօր շատ են խոսակցությունները Չինաստանի մասին։ Ի դեպ, Ադրբեջանի նկատմամբ չինացիների հետաքրքրությունն այսօր շատ է մեծացել։

Այսպիսով, այսօր ունենք հակաբնական իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, երկու ժողովուրդները, որոնք հարյուրավոր տարիներ իրար հետ են ապրել, 30 տարի չեն կարողանում վերջ տալ միմյանց միջև եղած հակամարտությանը, և սա տեղի է ունենում այն խորապատկերին, երբ մի կողմից՝ հարավից ապակայունացման լուրջ սպառնալիք կա, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանում ակտիվանում են տնտեսական նախագծերը և տնտեսական մեծ ակտիվություն է ցուցաբերում հատկապես Չինաստանը։ Եվ ի դեպ, Չինաստանի ակտիվությունը ամերիկացիներին է դրդում ակտիվության։ Օրինակ, ամերիկացիներն այսօր նավահանգստային տերմինալներ են կառուցում Վրաստանի ծովափին, որպեսզի չինացիներն ամեն ինչ իրենց ձեռքը չվերցնեն։ Եվ իրադարձությունների նման դինամիկ զարգացման պայմաններում երեք սահման տարածաշրջանում փակ է։ Լարսը բաց է, մնացած մասերում փակ է, իսկ ձեզ մոտ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն են փակ։ Սա աննորմալ իրավիճակ է տարածաշրջանի համար, և լավ է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը սկսել է հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցներին։ Սա թերևս դրական ցուցանիշ է։

Իհարկե, ես չեմ ասում, թե այն, ինչ նկարագրեցի, վաղն ևեթ կլինի, բայց կրկնում եմ՝ ինչ-որ պահի կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ բոլորն էլ ստիպված կլինեն իրար հետ լեզու գտնել, համաձայնության հասնել և լուծել իրար մեջ եղած խնդիրները՝ հաշվի առնելով այն, որ մենք շատ անկայուն տարածաշրջանում ենք ապրում։

– Ադրբեջանը միշտ խոսել և այսօր էլ շարունակում է խոսել վերջնագրերով։ Հնարավո՞ր է այդպիսի երկրի հետ համաձայնության հասնել։

– Անկեղծ ասած՝ դուք երկուսդ էլ վերջնագրերով եք խոսում իրար հետ։ Դուք ասում եք՝ մենք երբեք չենք հրաժարվի, նրանք ասում են՝ մենք երբեք չենք հրաժարվի։ Այսինքն՝ դուք ընդհանուր շփման եզրեր չեք փնտրում։

– Ո՛չ, Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամբիոններից, այդ թվում՝ Եվրոպայում ունեցած իր ելույթների ժամանակ հայտարարեց, որ «ես ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում արել եմ շատ կարևոր հայտարարություն՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար», բայց ադրբեջանական կողմը որևէ կերպ չարձագանքեց այս հայտարարությանը։ Այ սա կոնկրետ փաստ է։

– Իհարկե, հակամարտության կարգավորումը պետք է փոխադարձաբար ընդունելի լինի։ Եթե այն փոխադարձաբար ընդունելի չլինի՝ լուծում չի լինի։ Սա նման է այն պատմությանը՝ ես ունեմ փայտ, իսկ դուք՝ ձուկ, ես ուզում եմ ձուկ ուտել, իսկ ձեզ պետք է այն խորովել։ Եվ մենք երկու կտոր վառելափայտը փոխեցինք երկու ձկան հետ։ Մեզնից ո՞վ շահեց։ Երկուսս էլ շահեցինք, որովհետև երկուսս էլ ստացանք այն, ինչ մեզ պետք է։ Նույնիսկ եթե մի նոր պատերազմ լինի, անկախ նրանից՝ ում մոտ առաջինը կվերջանան փամփուշտները, միևնույն է, այս կոնֆլիկտը չի ավարտվի, 20, 30 կամ 50 տարի անց նորից կբռնկվի։ Եթե չկա խաղաղություն, ապա կա պատերազմ՝ թեժ վիճակում, սառեցված հակամարտության տեսքով, կարևոր չէ։ Դրա համար էլ ասում եմ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները տարածաշրջանում՝ արդեն մոտենում ենք այն իրողությանը, որ ելնելով ընդհանուր վտանգներից, որոնք սպառնում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, պետք է փորձել համաձայնության հասնել։ Այսօր կան ընդհանուր սպառնալիքներ և դրանք ավելի մեծ են, քան կոնֆլիկտը։ Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանը միշտ էլ ունեցել են ընդհանուր շահեր, բայց այդ ընդհանուր շահերը չեն գերակշռել։ Միգուցե այժմ ընդհանուր սպառնալիքները կգերակշռեն կոնֆլիկտի նկատմամբ։

– Այսինքն՝ տեսնում եք հայ-ադրբեջանական երկխոսության ակտիվացման ինչ-որ միտումնե՞ր։

– Իրավիճակը կարելի է այսպես բնութագրել՝ ընկնելով 8-րդ հարկից և անցնելով 5-րդ հարկի մոտով՝ մտածեցի, որ առայժմ ամեն ինչ լավ է։ Այսինքն՝ դրական միտումներն այնքան չեն, որ լուրջ ճեղքում լինի բանակցային գործընթացում, բայց միշտ էլ կարելի է ինչ-որ դրական բաներ, ընդհանուր շահեր փնտրել։ Դա կհեշտացնի կյանքը։

– Բայց Դուք ամեն դեպքում ճիշտ նկատեցիք, որ Մամեդյարովը սկսել է հարցազրույց տալ, շփվել հայ լրագրողների հետ։

– Իհարկե, որովհետև իրավիճա՛կն է փոխվում, իրավիճակն աշխարհո՛ւմ է փոխվում, աշխա՛րհն է փոխվում։ 90-ականներին լրիվ ուրիշ իրավիճակ էր, այսօր այլ իրավիճակ է։

– Եվ սա տեղի է ունենում ԵԽԽՎ-ում Փաշինյանի արած այն հայտարարության, կոչի խորապատկերին, որ պետք է երկխոսություն սկսել ոչ միայն երկու երկրների կառավարությունների, այլև ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև։

– Ժողովուրդների վերաբերյալ կասեմ հետևյալը՝ ժողովուրդներն իրար հետ խոսում են սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իմ յութուբյան հաղորդման մեկնաբանություններում, այլ հարթակներում, բայց ժողովուրդը միշտ խոսում է՝ ելնելով իր ունեցած ինֆորմացիայից։ Իսկ մեր երկրներում ինֆորմացիոն քաղաքականությունը այսպես թե այնպես որոշում է կառավարությունը։ Այդ արտահայտությունը՝ պետք է ժողովուրդներին պատրաստել խաղաղության…

– Այո, երբ մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի համանախագահները նման հայտարարություն արեցին, այն այդքան էլ դրականորեն չընդունվեց հանրության կողմից։

– Իսկ կա՞ ընդհանրապես ինչ-որ մի ապուշ, որն ուզում է պատերազմ և դեմ է խաղաղությանը։ Միգուցե կան, բայց դրանք այնքան էլ նորմալ մարդիկ չեն։ Բոլորն էլ ուզում են խաղաղության մեջ ապրել և լավ ապրել, այդպես չէ՞։

– Նորույթն այստեղ թերևս այն է, որ Փաշինյանն ասում է, թե ես կուզենայի դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ, բայց դա անել Ադրբեջանի ղեկավարության թույլտվությամբ։

– Հասկանում եմ, բայց հարցն այստեղ Փաշինյանը չէ։ Կողմերից որն էլ դիմի հակառակ կողմի ժողովրդին, ինչքան էլ Հայաստանի վարչապետն ուզենա դիմել ադրբեջանցիներին, Ադրբեջանի նախագահն էլ՝ հայերին, կարծում եմ՝ ո՛չ Ադրբեջանի ժողովուրդը կլսի Փաշինյանին, ո՛չ էլ Հայաստանի ժողովուրդը կլսի Իլհամ Ալիևին։ Հասկանո՞ւմ եք։ Կարևոր է, որ էլիտաների ներսում գիտակցեն իրենց շահը, իրենց իսկական շահը խաղաղության մեջ և իսկապես համաձայնության հասնեն ինչ-որ հարցի շուրջ, բայց այդ համաձայնությունը լինի փոխադարձաբար ընդունելի։ Եթե փոխադարձաբար ընդունելի համաձայնություն չլինի՝ չի լինի նաև խաղաղություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում